Վերջին իրադարձությունների իմ մեկնաբանությունը: (Համակարգչին մոտ չեմ եղել երկու օր): Լավ լուրեր եւ վատ լուրեր: 
Սկսենք լավից: 
1. Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես արտասանեց հրաժարական բառը Սերժ Սարսյանի առումով: Ճիշտ է, արեց դա զգուշավոր, բացատրողական՝ «ինքնաբացարկ, այսինքն՝ հրաժարական» ոճով, սակայն դրանով վերադարձրեց իրեն քաղաքական դաշտ, եւ կարծում եմ՝ անհարմար դրության մեջ գցեց հատկապես իր այն կեղծ կողմնակիցներին, որոնց ջանքերով նաեւ ազնիվ մարդկանց մեջ տարածվեց «Րաֆֆին ընտրված նախագահ է, հետեւաբար Սերժի հրաժարական պահանջելու չունի» կազուիստիկ եւ սքոլաստիկ բազմաթիվ հետեւանքներով, դեմագոգիգ թեզը (հիմնավորումը տվել եմ առանձին): 
2. Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԲՀԿ-ի հետ: Իհարկե սա ունեցավ որոշ բացակասական հետեւանքներ ինչպես կարմիրների, այնպես էլ կարմիր խոսող սեւերի շրջանակում, սակայն, քաղաքական առումով Րաֆֆին նորից ճիշտ քայլ արեց դեմագոգիային ընդդեմ: Գիտեմ, որ հատկապես այս կետին նաեւ ընկերներիցս շատերն են դեմ արտահայտվելու, բայց հուսամ՝ դեմ արտահայտվելը չի նշանակի կանոններից դուրս խփոցի: 
Վատ լուրեր: 
1. Րաֆֆու բացարձակապես անհասկանալի, անմեկնելի պահվածքի պատճառով առաջին անգամ 5 տարվա մեջ տապալվեց մարտի մեկի ընդդիմադիր ակցիան՝ չկայացավ հանրահավաք եւ երթ: Սա առայժմ հետընտրական պայքարի այս փուլի միակ փաստացի «ձեռքբերումն է»: 
2. Վերջին հանրահավաքը Երեւանում սակավամարդ էր, եւ ըստ էության պահվեց բոլորդ էլ գիտեք, չասեմ՝ ում ելույթի շնորհիվ, որպեսզի կողմնակալության կամ պառակտման տպավորություն չթողնեմ: Պատճառը այն էր, որ դա թեեւ էմոցիոնալ շեշտով, բայց միակ կապակցված տեքստն էր Հրապարակում: Ի դեպ անձամբ եմ եղել Հրապարակում, այնպես որ ամեն ինչ տեղում եմ զգացել եւ տեսել: Սակավամարդության պատճառն էլ, կարծում եմ, ամեն ինչ ուշացմամբ, մի տեսակ զոռով անելն է, ու կարմիր խաղացող սեւերի առաջարկած պոստմոդեռնիստական կայֆարիկ թեզերը լուրջ ընդունելն է:
3. Իմ տպավորությամբ, ավելին ասեմ՝ համոզմամբ, օգտվելով Րաֆֆու քաղաքական անփորձությունից, որոշ մարդիկ եւ խմբեր, հանդես գալով իբր թունդ րաֆֆիական դիրքերից, իրականում վերջին հերթին նկատի ունեն Րաֆֆու շահերը, այլ փորձում են լրիվ այլ խնդիրներ լուծել՝ ապաքաղաքականացնելով պայքարը: Հատկապես այդ մարդիկ եւ նրանց ազդեցության տակ ընկած կարմիր խաղացողներն են տարածում՝ ընտրված նախագահը չպետք է պահանջի Սերժի հրաժարական եւ չպետք է դիմի ՍԴ ապակողմոնոշիչ թեզը: Իրենք շատ լավ գիտակցում են, թե ինչ աբսուրդ են քարոզում եւ հանուն ինչի: Սա կոնսպիրոլոգիա չէ, ես դրանում 90 տոկոսով վստահ եմ ասում՝ 10 տոկոս թողնելով մահկանացուիս սխալի իրավունքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել