Картинки по запросу Դմիտրի ԿիսելյովՄի քանի օր է՝ ազերիական ԶԼՄ-ները գովաբանում և բավական ակտիվ մեկնաբանում են Հայաստանից փախած մի քանի դավաճանի և ալիևյան գաղտնի ծառայությունների ներկայացուցիչների կողմից ձևավորված ինչ-որ հայ-ադրբեջանական խաղարարար հարթակի գործունեությունը։ Մեկնաբանողների մեջ են նաև օտարերկրյա, սակայն մեր հասարակությանը գրեթե անհայտ քաղաքագետներ, իրավապաշտպաններ և լրագրողներ։ Սակայն այսօր այս հարթակ կոչվածի գործունեությանը որոշել է անդրադառնալ ՌԴ նախագահ Վ.Պուտինի «լեզվի" և «բարձրախոսի» համբավն ունեցող ռուսաստանցի բավական հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը։ Կրեմլի գլխավոր քարոզիչը ոչ միայն իր գոհունակությունն է հայտնել Իլհամ Ալիևի հովանավորությամբ դավաճաններ Մարտիրոսօղլուի, Ավետզադեի, Ջաղինլիի և մի քանի թուրքի կողմից ձևավորված այդ հարթակի գործունեությունից, այլև, չզարմանաք, հայտնել է, որ պատրաստ է ցանկացած ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ցուցաբերել դրան։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ինչ-որ մի օր այդ երեք ստահակները կարող են հայտնվել ռուսաստանյան հեռուստաէկրանին և այնտեղից քարոզեն Բաքվի տեսակետները և Ալիևի տեսլականը, թե ինչպես է նա պատկերացնում հայ-ազերիական «բարեկամությունը»։
Չէի անդրադառնա այս թեմային, եթե հայ-ազերիական այդ անողնաշար հարթակի ստեղծման գովաբանությամբ չզբաղվել Ռուաստանի «գլխավոր» լրագրող Դ.Կիսելյովը։ Կիսելյովի տրամաչափի լրագրողը մինչ որևէ թեմայի, առավել ևս իրեն անծանոթ և շատ մեծ հնչեղություն ունեցող հարցի անդրադառնալը պարտավոր էր ուսումնասիրել այն, հաշվի առնել մյուս կողմի կամ կողմերի տեսակետն այդ հարցի վերաբերյալ և հետո նոր մեկնաբանել։ Այստեղից հետևություն. կա՛մ Դ.Կիսելյովը թքած ունի իր հայաստանյան ընկերների՝ Երևանում գործող «Գրիբոյեդով» ակումբի անդամների կարծիքի վրա, քանի որ ես չեմ կարծում, որ այդ ակումբի որևէ անդամ կողջունի «Մարտիրոսօղլու և դավաճաններ Co»-ի հակահայ գործողությունները և գործունեությունը, կա՛մ իրեն դրսևորել է տարրական դիլետանտի նման՝ տեղյակ չլինելով հարցին՝ անկապ և ապուշ մեկնաբանություններ է արել, կա՛մ էլ վատթարագույն տարբերակը՝ Կիսելյովը ևս գնված է պաշտոնական Բաքվի կողմից, և հենց դրանով է բացատրվում նրա այս հակահայ հռետորաբանությունը։ Հայաստանի և հայ ժողովրդին դավաճանած որևէ մեկի գործունեության գովասանքը ինձ համար անընդունելի է։ Ուրախ կլինեմ, եթե «Գրիբոյեդով» ակումբի անդամները տեղեկացնեն իրենց մոսկովյան «շեֆին», որ իրեն զուսպ պահի։ 
Հետո էլ ռուսաստանցի մեր բարեկամները զայրանում և զարմանում են, թե ինչու են Հայաստանում աճում հակառուսական տրամադրությունները։ Պատասխանեմ։ Դրանում ո՛չ արևմտամետ «գրանտակերերն» են մեղավոր, ո՛չ էլ որևէ մեկը։ Մեղավորներից մեկը հենց Կիսելյովն է, որի հայտարարությունները հիմնականում հակահայկական են և սկանդալային, որի արդյունքը հակառուսական տրամադրությունների կտրուկ աճն է Հայաստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել