Համոզված եմ, որ բոլորդ էլ նկատել եք, որ նմանատիպ խանութները, որոնք մրցակցության մեջ են միմյանց հետ, կառուցվում են կողք-կողքի՝ փոքր հեռավորության վրա։ Առաջին հայացքից սա անտրամաբանական է թվում։ Բանն այն է, որ եթե այդ երկու խանութները բաժանեն տարածքը միմյանց մեջ, ապա դա հարմար կլինի հա՛մ խանութպաններին, հա՛մ էլ հաճախորդներին։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ պայմանը չի գործում իրական կյանքում։ Հիշեք Ձեր տան մոտի դեղատները, որոնք կառուցված են կողք-կողքի, կամ Թումանյան փողոցի շաուրմայանոցները, որոնք շարված են իրարից մի քանի մետր հեռավորության վրա։

BlogNews–ը որոշել է բացատրել, թե ինչու են նմանատիպ խանութները կողք-կողքի բացվում։
Բացատրության համար եկեք քննարկենք մեկ օրինակ։ Պատկերացրեք մի լողափ, որտեղ 2 հոգի պաղպաղակ են վաճառում։ Առաջին հայացքից այստեղ ամեն ինչ պարզ է։ Տարածքը պետք է բաժանվի 2 մասի, և ամեն վաճառող կանգնի այդ բաժանված մասի մեջտեղում։ Այս կերպ նրանք կկարողանան սպասարկել հավասար հաճախորդների, իսկ լողափի այցելուները կկարողանան առանց երկար քայլելու պաղպաղակ գնել։ Ահա թե ինչպիսի տեսք կունենա լողափը այդ դեպքում։

Սա կլինի սոցիալապես օպտիմալ լուծում և հարմար կլինի թե՛ վաճառողների և թե՛ այցելուների համար։ Սակայն պետք չէ մոռանալ մարդու բնավորության և հոգեբանության մասին։ Եթե նույնիսկ այսպիսի տարբերակը հնարավոր լինի, ապա դա կտևի ընդամենը 1 օր։ Հաջորդ օրը լողափ գալով՝ վաճառողներից մեկը կտեղափոխի իր սայլակը լողափի կենտրոն, քանի որ այդպես նա կկարողանա ավելի շատ հաճախորդների սպասարկել։ Բնականաբար, երկրորդ վաճառողը կհասկանա, որ այդպես նա ավելի քիչ է վաճառում և ինքը նույնպես կտեղափոխի իր սայլակը՝ իրավիճակը շտկելու համար։

Այդ տեղափոխությունները կարող են շարունակվել մի քանի օրվա ընթացքում, սակայն երկու վաճառողներն էլ կհասկանան, որ այդ կերպով հնարավոր չէ աշխատել։ Արդյունքում նրանք երկուսն էլ կկայանեն իրենց սայլակները լողափի կենտրոնում, որպեսզի հավասարաչափ կիսեն լողափը և թույլ չտան հակառակորդին ավելի շատ մարդկանց սպասարկել։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ դիրքում գտնվելու դեպքում ցանկացած փոփոխություն ավելի վնաս կտա վաճառողներին, այդ իսկ պատճառով էլ նրանք կմնան նույն տեղում։ Սա կոչվում է Նեշի հավասարակշռություն։ Այս տեսությունն առաջադրել է հայտնի մաթեմատիկոս և տնտեսագետ Ջոն Նեշը, ինչով գլխիվայր շրջել է տնտեսագիտության և մրցակցության վերաբերյալ գործող օրինաչափությունները։

Սոցիալապես օպտիմալ լուծում ձեռնտու էր բոլորի համար, սակայն այն երկար չպահպանվեց, քանի որ երկու վաճառողներն էլ կարող էին իրենց սայլակները դեպի կենտրոն տեղափոխել և ավելի շատ հաճախորդների սպասարկել։ Իսկ կենտրոնում գտնվելու դեպքում այդ տարբերակը այլևս հասանելի չէ։ Արդյունքում վաճառողները նույն եկամուտն ունեն, ինչ կունենային սոցիալապես օպտիմալ լուծման դեպքում, իսկ հաճախորդները ստիպված են ավելի երկար քայլել՝ պաղպաղակ գնելու համար։

Իրական կյանքում կան բազում այլ հանգամանքներ, որոնք ազդում են վաճառքի վրա։ Այդպիսի հանգամանքներից են գովազդը, ապրանքի որակը և այլն։ Սակայն նույն ոլորտում գործունեություն ծավալող խանութպանները մշտապես առաջնորդվում են Նեշի հավասարակշռվածության օրենքով և կողք-կողքի են բացում իրենց խանութները։ Եվ հենց այդ պատճառով էլ մենք երկար ճանապարհ ենք անցնում և չենք տեսնում որևէ դեղատուն կամ շաուրմայանոց, իսկ հասնելով դրանցից մեկին՝ տեսնում ենք, որ կողք-կողքի կառուցված են մի քանի նմանատիպ վայրեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել