Image result for ուղղաթիռ ստեփանակերտՄի քանի տարի առաջ, երբ Ստեփանակերտում սկսվեց կառուցվել օդանավակայան, Ադրբեջանի հանրապետությունից ու մասնավորապես ՊՆ-ից հայտարարություն տարածեցին՝ Արցախի երկնքում թույլ չեն տալու ուղղաթիռ թռչի: Սա կարելի էր և՛ սպառնալիք ընդունել, և՛ նախազգուշացում: Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտարարել էր, որ վերահսկում է այն օդային տարածքը, որտեղ կառուցվելու է օդանավակայանը:

Օդանավակայանի բացման օրը բոլորը շունչները պահած սպասում էին Սերժ Սարգսյանին: Չէ, այնպես չի, որ կարոտել էին և այլն, ուղղակի Սարգսյանին սպասարկող ուղղաթիռը պետք է առաջին անգամ անցներ Արցախի երկնքով ու վայրէջք կատարեր այն օդանավակայանում, որի օդային տարածքը իբր գտնվում էր ադրբեջանական ՀՕՊ զորքերի հսկողության տակ: Վերջապես ժամեր անց լսվեց ուղղաթիռի ձայնը, բոլորը շունչները պահած հետևում էին նրա թռիչքին: Ե՞վ: Եվ ուղղաթիռը շատ հանգիստ վայրէջք կատարեց Արցախի օդանավակայանում: Հետո տեղի ունեցան երկրորդ, երրորդ ու մնացած վայրէջքները, արդեն սովորական դարձան դրանք, առանց կրակոց, առանց ՀՕՊ զորքերի միջամտություն:

Հիմա ինչի՞ համար եմ հիշել այս թեման: Ասեմ: Այսօր նյութ եմ կարդում ադրբեջանական մամուլում, որտեղ գրում են Սերժ Սարգսյանի երեկվա՝ Արցախ այցելության մասին: Սովորական ադրբեջանական զառանցանք է, բայց մի նախադասություն տպավորվեց մտքումս: Գրված էր՝ Սարգսյանը արագ նստեց իր ուղղաթիռը և թռավ Արցախ: Փաստորեն՝ Ադրբեջանի ՊՆ-ի ու ղեկավարության համար էլ է սովորական դարձել, որ Ստեփանակերտում ուղղաթիռներ են վայրէջք կատարում, ու մոռացել են իրենց սպառնալիքները: Արդեն առաջընթաց կա, շուտով Արցախից էլ երևի ձեռք կքաշեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել