Image result for syria palmyraՄինչ սիրիական բանակն ու նրան հարող ուժերը լրջագույն հաջողություններ են արձանագրում երկրի հյուսիսում, Հալեպում, ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումներից ազատագրելով նրանց կողմից վերահսկվող՝ քաղաքի արևելյան հատվածի ավելի քան 80%-ը, զուգահեռաբար ռազմավարական նշանակությամբ ոչ պակաս կարևոր մեկ այլ ճակատում՝ Հոմս նահանգի Պալմիրայի շրջանում, կրում են կորուստներ արդեն «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների հարձակման հետևանքով:

Ըստ մի շարք սիրիական աղբյուրների՝ ԻՊ-ի զինյալները դեկտեմբերի 8-ին համաժամանակյա հարձակում են նախաձեռնել Պալմիրայի դեմ հյուսիսային և արևմտյան ուղղություններով՝ կրկնագրոհի արդյունքում գրավելով Հուվայսիս շրջանը հյուսիսում։ Ներկայումս ակտիվ ռազմական գործողությունները շարունակվում են Ջազալ և Մահեր նավթահանքերի շրջաններում: Հարավային ուղղությամբ ևս ահաբեկչական խմբավորումը գրավել է մի քանի բնակավայր՝ սիրիական բանակին պատճառելով նաև էական տեխնիկական կորուստներ (3 տանկ և այլ զինտեխնիկա):

Նաև վերոնշյալ զարգացումները ցույց են տալիս, որ սիրիական կառավարական ուժերի համար բավական բարդ է միաժամանակյա հաջող գործողությունները, և Հալեպում արձանագրված հաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ այլ ռազմավարական նշանակության ճակատներում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր: Բացի այդ՝ հենց կենտրոնական Հոմս նահանգից էր դեպի հյուսիս տեղափոխվել սիրիական ԶՈՒ «Tiger Forces» հատուկ նշանակության ստորաբաժանումը, որն էլ, ըստ էության, հանդիսանում է Հալեպում սիրիական բանակի հարձակման առանցքային օղակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել