News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ավարտվել են հատուկ նշանակության ուժերի վրաց-ամերիկյան երկամսյա վարժանքները։ Այդ մասին նշված է Վրաստանի ՊՆ-ի կայքում։

Վերջին երկու ամիսներին ամերիկացի հրահանգիչները դաշտային ու մարտավարական դասընթացներ են անցկացրել վրացի զինվորականների համար, որոնց ավարտից հետո տրվել են հատուկ վկայականներ։

Զորավարժությունների հաջող ավարտի կապակցությամբ իրենց շնորհավորանքներն են հղել Վրաստան պաշտպանության նախարար Լևան Իզորիան, Գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան ու Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին։

Իզորիան հայտարարել է, որ հաջորդ տարի առաջնահերթություններից մեկը լինելու է հատուկ նշանակության ուժերի ուժեղացումը, ինչի համար էլ ապագայում ծրագրված է ավելի ինտենսիվ ձևով անցկացվել նման վարժանքներ։

Յան Քելին հայտարարել է, որ նման վարժանքները ծառայում են երկու երկրների համագործակցության ամրապնդմանը, որը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել