Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

 

«Ուզում եմ գրել մի խնդրի մասին, որն առաջին հայացքից մանր է թվում։ Կառավարությունը, ի թիվս այլ «հնացած» ավտոմեքենաների, ուզում է վաճառել այն «Մերսեդեսը», որը սպասարկում էր Հայաստանի առաջին նախագահին։ Մեքենան, որքան հիշում եմ, E 320 է, այդպիսի «Մերսեդեսներ» հիմա քշում են «տաքսիի տակ»։ Ճիշտ է, զրահապատ էր՝ ժամանակին խոսում էին, որ 1990-ին այդ մեքենան ՀԽԱՀ Գերագույն խորհրդի նախագահին էր նվիրել ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Կրյաչկովը։ Բայց կարևորն այն չէ, թե ինչ որակի մեքենա էր դա, և ով էր այն նվիրել։ Կարևոր է, որ այն սպասարկում էր Հայաստանի  առաջին  նախագահին։

 

Համաձայն եմ գործընկերներիս հետ, որ նման խորհրդանշական իրերի տեղը թանգարանում է։ Եվ խնդիրն այն չէ, թե ով ինչպես է վերաբերվում Լևոն Տեր-Պետրոսյանին:

 

Խնդրո առարկա «Մերսեդեսը» կվաճառվի, ձեռքից ձեռք կանցնի, հետո կհայտնվի «գործից հասկացող» որևէ տիրոջ մոտ, որը նման մեքենաների հավաքածու ունի։ Իսկ 100 կամ 150 տարի հետո որևէ հայ մեծահարուստ բարերար այն կգնի թանկ գնով և կնվիրաբերի հայկական պետությանը։ Այդպիսի երկար ճանապարհ անցնելու փոխարեն՝ պետք է այսօր, այս պահին գնահատել այն, ինչ ունես։

 

ԱՄՆ-ում կա ավանդույթ՝ ժամանակ առ ժամանակ այն նախագահները, որոնք ողջ են, լուսանկարվում են միասին։ Վերջերս այդ արարողությանն էին մասնակցել Օբաման, Քլինթոնը, Չիմի Քարթերը, հայր և որդի Բուշերը։ Այնպես չէ, որ նրանք իրար շատ են սիրում։ Պարզապես պետական  ավանդույթ է»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել