Картинки по запросу ՍննդամթերքՄինչ Հայաստանում դեռևս ակտիվորեն քննարկվում են սննդի շուկայում տիրող անմխիթար վիճակը և ոլորտի պատասախանատու հիմնական կառույցում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ընթացող ներգերատեսչական «ռազբորկաները», մեզ համար այնքան օրինակելի Իսրայելում նախապատրաստվում է բնակչությանը վաճառվող սննդամթերքի վրա առողջության համար դրական և բացասական ազդեցության մասին պարտադիր մակնշման օրենսդրական պահանջը:

Մասնավորապես, ըստ Իսրայելի առողջապահության նախարարության՝ առողջ սննդի խթանման հանձնաժողովի կողմից ներկայացված նախաձեռնության՝ վաճառվող ապրանքատեսակի վրա պարտադիր կերպով տեղեկություն է հաղորդվելու շաքարի, աղի և ճարպի՝ թույլատրելիից ավելի բաղադրության վերաբերյալ: Միաժամանակ, ընկերություններին արգելվելու է մակնշված ապրանքի գովազդ իրականացնել: Իսկ ծրագրի ներդրումն իրականացվելու է 3 փուլով՝ 2018-2020 թթ.:

Բացասական ազդեցությամբ ապրանքների վրա փակցվելու են կարմիր գույնի կպչուն պիտակներ՝ դրանց օգտագործման հետևանքով օրգանիզմին հասցվող վտանգի մասին իրազեկմամբ: Առողջ և խրախուսվող սննդամթերքի վրա փակցվելու են կանաչ գույնի պիտակներ: Որպես օրինակ՝ շաքարի բարձր պարունակություն ունեցող ապրանքներին, ասենք՝ «Կոկա-Կոլայի» տարայի վրա, պարտադիր կերպով պետք է նշված լինի դրանում շաքարի պարունակության չափի մասին:

Բացի այդ, առողջապահության նախարարությունը նաև հարկադրելու է սննդի հանրային օբյեկտներին՝ դասակարգելու մատուցվող կերակրացանկն՝ առողջության համար օգտակար և վնասակար բաժիններով:

Ըստ ԱՆ-ի ներկայացուցչի՝ Իսրայել պետությունը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում բնակչության մեկ շնչի հաշվով շաքարի կիրառման տեսանկյունից. ամեն տարի շուրջ 10 հազար մարդ է զոհվում անառողջ կենսակերպով պայմանավորված հիվանդությունների պատճառով:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը ոչ միայն դեռ չափազանց հեռու է սննդամթերի դասակարգման վերոնշյալ չափանիշների ներդրումից, այլև մեզանում դեռևս օրակարգային է առաջարկվող սննդի՝ գոնե նորմալ վիճակով վաճառքի ապահովման այնքան տարրական խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել