Image result for Ռուսաստանի և ՉինաստանՀայաստանը խանգարում է Ռուսաստանի և Չինաստանի կործանմանը

Ստամբուլի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր Թուրան Իլտերը, պատասխանելով ազերիական կայքերից մեկի հարցերին, անդրադարձել է նաև Արցախյան հիմնախնդրին։ Պարզվում է, որ Անկարայի համար Արցախի հարցը հմնական խնդիրներից մեկն է, և Թուրքիան շատ անհանգստացած է այդ հարցով. «Ղարաբաղյան հարցի շուրջ Մոսկվան հրաժարվում է հաշվի առնել Թուրքիայի շահերը, չնայած որ մենք շատ առումներով սիրիական հարցում զիջել ենք Մոսկվային։ Ադրբեջանը մեզ համար շատ մոտ և հարազատ երկիր է, և մենք շատ մտահոգված ենք ղարաբաղյան խնդրով։ Մենք պատրաստ ենք համագործակցել Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում, սակայն պնդում ենք, որ մեր շահերը ևս հաշվի առնվեն»,- իր պնդերեսությունն է առաջ տարել թուրք քաղաքագետը։ Արցախյան հարցի վերաբերյալ այս թուրք քաղաքագետի կարծիքը բացարձակ չի տարբերվում պաշտոնական Անկարայի կարծիքից։ Սակայն առաջին անգամ էր, երբ Ստամբուլից հայտարարեցին, որ իրենք ՌԴ-ին զիջումների են գնացել Սիրիայի հարցում ու դրա դիմաց Մոսկվայից սպասում են զիջումներ Արցախի հարցում։ Թուրքերի համար ոչինչ չի փոխվել։ Նրանք նույն քաղաքականությամբ էին առաջնորդվում 20-րդ դարի սկզբին, երբ հայ-թուրքական հարաբերությունների հարցը լուծվում էր ոչ թե Երևանի և Ստամբուլի միջև, այլ թուրքերի և ռուսների։ Հուսով եմ՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչ կանեն, որ չկրկնվի այն, ինչ եղավ 1920-21 թթ-ին, քանի որ դա կլինի Հայաստանի վերջը։ Ռուս-թուրքական մերձեցումը միշտ աղետալի հետևանքներ է ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Հուսով եմ նաև, որ ՌԴ նախագահ Վ.Պուտինը ևս հասկանում է, թե ինչ ապոկալիպտիկ հետևանքներ կունենան ՌԴ-ի համար Անկարայի արցախյան սպասելիքները։ Արցախի կորուստը և Հայաստանի կործանումը թույլ կտա Անկարային առաջ տանել իր պանթյուրքիստական և նեոօսմանական քաղաքականությունը և Հարավային Կովկասի վրայով անմիջական կապ հաստատել միջինասիական թյուրքական հանրապետությունների, ՌԴ-ի մահմեդական հանրապետությունների և արևմտյան Չինաստանը բնակեցնող մահմեդականների հետ։ Այդ ժամանակ թուրքերին կանգնեցնել չի լինի։ 
Ժամանակին Բյուզանդական կայսրությունը թույլ տվեց թուրքական ցեղերից մեկին պատսպարվել իր սահմանների մոտ։ Դրա արդյունքն էր Բյուզանդական կայսրության կործանումը նույն թյուրքերի կողմից։ Թուրքիայի պանթյուրքիստական և նեոօսմանական գաղափարներով առաջնորդվող նախագահ Էրդողանը չի վարանի կործանել Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև հաշվեհարդար տեսնել դեռ քրիստոնյա Եվրոպայի հետ։ Այս ծրագրի միակ խանգարողը Հայաստանն է, որը սեպի նման մխրճվել է փոքրասիական և կովկասյան թուրքերի մեջտեղը՝ խափանելով նրանց միավորումը։ Պատահական չէր նաև ապշերոնյան սուլթանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ նրանք հետ են վերադառնալու Երևան, Մեղրի, Գորիս։
Եթե ՌԴ-ն, Եվրոպան և Չինաստանը շարունակեն իրենց բարիդրացիական քաղաքականությունը Անկարայի նկատմամբ, ապա Էրդողանի ստահակ ասկյարները շատ շուտով կրկին կհայտնվեն Սոֆիայում, Բելգրադում կամ Վիեննայի պարիսպների մոտ, իսկ Էրդողանն էլ տանուտերի կարգավիճակում նամազ կանի Պեկինի կամ Մոսկվայի մզկիթներից մեկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել