Image result for erdoganReuters-ը տեղեկացնում է, որ իր ձեռքում է հայտնվել մի ձայներիզ, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլուխներից մեկը սպառնում է Թուրքիային ահաբեկչություններով։ Ըստ բրիտանական գործակալության՝ ահաբեկիչները սպառնացել են հարձակումներ գործել արտասահմանում գտնվող թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև կառավարական, տնտեսական, լրատվական և ռազմական այն օբեկտների վրա, որոնք կապ ունեն թուրքական կառավարության հետ։
Համոզված եմ, որ այս տեղեկության պատվիրատուն և ձայներիզի հեղինակը նույն թուրքական կառավարությունն է և կոնկրետ վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որի նպատակը մեկն է՝ մաքրվել ԻՊ-ի հետ համագործակցողի համբավից և միջազգային հանրությանը ներկայանալ այդ ահաբեկչական կազմակերպության զոհի և թիրախի կարգավիճակում։
Էրդողանը ցանկանում է մոռացության տալ, որ ժամանակին հենց իր որդին՝ Բիլալն ակտիվ հանդիպումներ էր ունենում ԻՊ-ի նավթի վաճառքով զբաղվող նախարարների հետ և պայմանագրեր կնքում վերջիններիս հետ։ Էրդողանը փորձում է մոռացության տալ, որ ԻՊ-ից գնում էր Իրաքի և Սիրիայի պատմության թանգարաններից գողացված թանկարժեք հուշարձանները և դրանք վերավաճառում սև շուկայում։ Էրդողանը փորձում է մոռացության տալ այն, որ Սիրիայի սահմանից ընդամենը 50-60 կմ հեռավորության վրա գտնվող Գազիանթեփ քաղաքը ժամանակին ծառայում էր որպես ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների բազա՝ Սիրիայի տարածք ներխուժելու համար։ Թուրքիան չի ցանկանում, որ միջազգային հանրություն կոչվածը Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և այլնի նման իրեն դիտի որպես ԻՊ-ի «ծնող»։ Էրդողանը շատ այլ բաներ էլ է ուզում մոռացության տալ, որը կապում է իրեն ԻՊ-ի հետ։
Հիմա, այսպիսի լուրեր տարածելով, Թուրքիան ցանկանում է ներկայանալ որպես ԻՊ-ի զոհ՝ ակնկալելով խղճահարություն ՆԱՏՕ-ի իր գործընկերների և նորաթուխ գործընկեր ՌԴ-ի կողմից այն դեպքում, երբ հենց Անկարան է ամեն ինչ անում, որ ԻՊ-ի դիրքերը բավական ամուր մնան թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում։ 
Հ.Գ. Քանի դեռ կա քրդական վտանգը Թուրքիայի համար, Անկարան պատրաստ է համագործակցել բոլորի, այդ թվում նաև՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել