Картинки по запросу կարեն կարապետյանՎարչապետ Կարապետյանը, հավատարիմ մնալով իր խոստմանը, երեկ ընդլայնված կազմով հանդիպում ունեցավ լրատվամիջոցների խմբագիրների հետ: Հարցերի մի մասին պատասխանեց հանգամանորեն, մի մասին՝ շատ կարճ, որոշներին հումորով արձագանքեց, որոշ հարցերի ստույգ պատասխանն էլ հորդորեց ստանալ այս կամ այն ոլորտով զբաղվող իր օգնականներից եւ խորհրդականներից:

Որքան էլ որ վարչապետին ուղղված հարցերը շատ էին, հարցերի շրջանակը, սակայն, բավականին նեղ էր: Լրագրողներին մասնավորապես հետաքրքրում էր, թե ինչպես աշխուժացնել տնտեսությունը, ինչպես գրավել օտարերկրյա ներդրողներին, ինչպես հավասար պայմաններ ստեղծել բիզնեսմենների համար: Նրանք ցանկացան գործադիրի ղեկավարից երաշխիք ստանալ, որ հաջորդ տարի՝ ընտրություններից հետո, գազի սակագինը նորից չի բարձրանա. Կարապետյանը տվեց այդ երաշխիքը:

Գազի սակագինը չբարձրացնելու մասին երաշխիքը միակը չէր: Վարչապետը հավաստիացրեց, որ եթե իր թիմակիցներից որեւէ մեկը փորձի չարաշահել պաշտոնական դիրքը՝ բիզնեսներն առաջ տանելու համար, ապա ինքն անձամբ դրա դեմը կառնի:

Մեկ հուսադրող հայտարարություն էլ ստվերից դուրս աշխատող բիզնեսմենների համար. Կարապետյանը չբացառեց, որ Հարկային օրենսգիրքն առաջիկայում փոփոխվի:

Եվ վերջում մի դիտարկում. վարչապետի տեսակետում կարծես թե բան է փոխվել պետական համակարգում աշխատողների ներգրավման հարցում: Վարչապետ դառնալուց օրեր անց նա հայտարարեց, որ ցածր աշխատավարձների ֆոնին միայն հայրենիքին ծառայելու մղումը կարող է հիմք հանդիսանալ, որ արտերկրում սովորած որակյալ մասնագետները համաձայնեն աշխատել պետական համակարգում: Երեկ նա, սակայն, չանդրադարձավ հայրենասիրական մղումներին: Փոխարենը նշեց, որ արհեստավարժ մասնագետներին հնարավոր կլինի ընդգրկել երկրի կառավարման ոլորտում, երբ վերջիններս ապահովվեն բարձր աշխատավարձով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել