ԻՆՉՊԵ՞Ս ՓՉԱՑՎԵՑ ԼԱՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
կամ 1000-ացավ

Կիսաբաց նամակ ՀՀ պաշտպանության նախարարին,
ԱԺ նախագահին

Ազգային ժողովի աշխատակազմը ամիսներ առաջ հանդես եկավ ապրիլյան պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին աջակցելու նախաձեռնությամբ: Մեխանիզմը հետևյալն էր՝ աշխատակիցները կամավոր կերպով, ըստ ցանկության, ստեղծվելիք հիմնադրամին ամեն ամիս փոխանցում են իրենց աշխատավարձի 1 տոկոսը: Որքան տեղյակ եմ, նախաձեռնողները չէին բավարարվելու հիշյալ ընտանիքների հաշվեհամարներին գումար փոխանցելով, այլ կազմակերպելու էին այցելություններ այդ ընտանիքներին՝ պարզելու համար, թե ինչ կերպ է հնարավոր աջակցել նրանց, որպեսզի այդ ընտանիքների համար ստեղծվեն եկամուտի առաջացման աղբյուրներ: Դա արվելու էր, որպեսզի մի որոշ ժամանակ հետո այդ ընտանիքները իրենք կարողանային տնտեսական գործունեությամբ հոգալ իրենց համար անհրաժեշտ գումարները, և հիմնադրամը հնարավորություն ունենար աջակցման համար ընտրեր այլ ընտանիքներ: Այստեղ կա մի կարևոր տարր․ որքան տեղյակ եմ, ամեն անգամ փոխվելու էր ընտանիքներին այցելողների կազմը: Այդ քայլը արվելու էր, որպեսզի ԱԺ աշխատակիցներն անձամբ տեսնեին այդ ընտանիքների վիճակը, տեսնեին իրենց քայլի բերած բերկրանքն այդ ընտանիքներում, իրենք իրենց համար կարևորեին իրենց արարքը ու նաև համոզվեին, որ իրենց գումարները հասնում են հասցեատերերին: Դա կօգներ քաղաքացի-բանակ կապի սերտացմանը, հոգևոր դրական ազդեցություն կթողներ այցելողների վրա: Սա ես ասում եմ արդեն Վերելք արժեհամակարգային կառույցի նման փորձից ելնելով:

ԱԺ աշխատակազմի առաջարկին միացավ պատգամավորների մեծ մասը, ստեղծվեց հիմնադրամը, և մամուլից տեղեկացա, որ կատարվել են առաջին նվիրաբերումները հաշվեհամարին:
Հաջորդ քայլը պիտի լիներ այս ազգաշահ օրինակը տարածել պետական կառավարման մյուս օղակներում՝ նախարարություններում, մարզպետարաններում՝ պահպանելով կամավորության սկզբունքը:

Գործընթացը հանրությանը պատշաճ ներկայացնելով՝ կարելի կլիներ ներգրավել նաև մասնավոր հատվածին, ապա սփյուռքին: Եվ մի որոշ ժամանակ հետո ողջ ազգը կամավոր կերպով ու հպարտությամբ թիկունք կլիներ բանակին, ու զինվորը հաստատապես կիմանար, որ եթե իրեն որևէ բան պատահի, ապա իր ազգը տեր կկանգնի իր ընտանիքին ու հարազատներին: Սա, ինչ խոսք, կբարձրացներ բանակի ոգին, ու մոտ ապագայում կունենայինք անհրաժեշտ ազգ-բանակը:
Սակայն իշխանությունները շտապեցին, շատ նրբություններ հաշվի չառնելով՝ ջանացին օրենքի ուժ տալ 1000 դրամ պարտադիր կերպով մարդկանցից գանձելու եղանակին: Իսկ դա, քանի որ իշխանությունները չունեն պահանջվող հեղինակությունը, ինչպես և սպասելի էր, տվեց հակառակ արդյունքը և ազգ-բանակ ստեղծելու փոխարեն ակամա նպաստեց անջրպետ առաջանալուն:

Գտնում եմ, որ դեռ ուշ չէ ետ կանգնել ոչ ճիշտ ուղուց, ետ կանչել օրենքը և ընթացք տալ ԱԺ աշխատակազմի նախաձեռնությանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել