Image result for politicsԺամանակակից աշխարհն այնպես է կառուցված, որ ոչ ոք չի կարող անել այն, ինչ կուզենար, ընդհակառակը, պետք է անի այն, ինչ ուրիշներն են ուզում:
Որովհետև հիմնականում ամեն ինչի հիմքում փողը, օգուտը, շահն է ընկած… Փողից, շահից, նպատակներից, ամեն գնով հարստանալու ցանկությունից է կախված և այն, ինչ անում ենք մենք՝ լավ, թե վատ: Եվ նույնիսկ այն հանգամանքը, թե ինչ ենք մեզանից ներկայացնում, ինչ ենք ուզում դառնալ, ինչ ձգտումներ, ինչ ծրագրեր, ինչ խնդիրներ ենք մենք ուզում լուծել: Փողից են կախված մեր գործունեությունը, աշխատանքը, բնականաբար, բիզնեսը, մեր լավագույն, նույնիսկ վատագույն ձգտումները: Փողը, շահը, օգուտն է ընկած նույնիսկ սիրելի մարդկանց հետ ունեցած մեր հարաբերությունների հիմքում՝ ուզես, թե չուզես:
Հիմա «թագավորանիստ» բլրակի մոտ հավաքվող, էժանագին շոուների «մասովկան» լրացնող, «Խաթաբալայի» լացող, երեսը ճանկռող, ծվատող պառավների մակարդակի զանգվածին, այդ ամենը շինծու, սարքովի չընկալողներն ի՞նչ է, մտածում են Ծառուկյանը գիշեր-ցերեկ իրենց մասի՞ն է մտածում:
Իհարկե ոչ… Նա, բնականաբար, թեկուզ իր հեղինակության և ինքնասիրության կորստի շնորհիվ իր փողերը, իր շահերը, իր «թագավորության» գոյությունն է պահպանում…
Նա կրկին նմանվում է ոչ իր ցանկությամբ պարի մեջ մտածի, որը պետք է պարի, ու նա պարում է՝ չուզելով, անկապ, ստիպողաբար ձեռքերը շարժելով, նույնիսկ չլսելով երաժշտությունը…
Ես ուղղակի զարմանում եմ նույն գետը երկրորդ անգամ մտնելու նրա «անհագ» ցանկության վրա, բայց և հասկանում։ Նա այլ նվագի տակ չի կարող պարել, առավել ևս իր պարը պարել։ Նա ունի իր շահերը, եղածը պահպանելու բնական ձգտումները, նա կորցնելու շատ բան ունի, ուստի պետք պարի այն երաժշտության տակ, որը կնվագեն։ Պետք է պարի ջանադրաբար, խունջիկ-մունջիկով, իհարկե հիշեցնելով, որ այդ ամենը ժողովրդի համար է, ժողովրդի հետ, որ ինքը ժողովրդի երջանկության համար է ծնվել ու գոյատևում…
Ընդդիմադիր պարախմբերն էլ՝ լինեն ծուռումուռ, ուղիղ, թե էլիպսաձև, իրենց տրնգին, շալախոն կամ կինտաուրին նույնպես պարում են՝ ելնելով իրենց շահերից, իշխանության հասնելու, հարստանալու նպատակով, և ամենևին ոչ ձեզ համար: Դուք ուղղակի միջոց եք նպատակին հասնելու համար, ընդամենը «գործիք»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել