Related imageՀայաստանում եկեղեցու և գիտության ֆունկցիայի մասին ստատուս էի գրել: Ահագին մարդ արտահայտվեց, բայց ոչ մեկը հիմնական մտքին չանդրադարձավ: Սա ևս մեկ ապացույց է, որ եկեղեցին դադարել է իր ֆունկցիան կատարել, իսկ գիտությունը չի սկսել: Իսկ ստեղծված բացը ոչ մի կերպ չի լրացվում, որովհետև չկա մեկը, որ փորձեր նույն եկեղեցու աշտարակին զանգի փոխարեն ժամացույց կախել:

Զանգակատունը խորհրդանշում է ժամանակի պարբերականություն, անընդհատ կրկնվող պրոցես, փակ ցիկլ: Ամեն օր նույն ժամին այն զանգում է: Մարդուն ստիպում է մտածել, որ կյանքը փակ ցիկլ է, որտեղ ամեն ինչ անփոփոխ է, որոշված է: Ծնվում ես, տուն ես սարքում, ծառ տնկում, երեխա ունենում ու մահանում: Մինչդեռ ժամացույցը անընդհատ հուշում է մարդուն, որ շտապել է պետք, որ ժամանակը վեկտոր է, կա՛մ իր հետ համահունչ շարժվում ես, կա՛մ հետ մնում: Ամեն անցնող վայրկյան կորցված հնարավորություն էր, իսկ գալիք վայրկյանը՝ ևս մեկը: Յուրաքանչյուր եկող վայրկյան դու կարող ես որոշել տան տեղը, քաղաք սարքել, հետո տիեզերք թռչել, հետո էլ նեյրոնային համակարգիչ ստեղծել: Դու ես որոշում:

Մի քանի տարի առաջ ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի հետազոտություն էի կարդում, որտեղ բացահայտվում էր, որ մեր հասարակական վարքագծի ամենաարատավոր երևույթների ակունքում ճակատագրապաշտությունն է, որը խիստ բնորոշ է ուղղափառ հասարակություններին: Ընդ որում՝ վիճակագրությամբ ճակատագրապաշտությունը շատ ավելի արմատացած է գյուղական համայնքներում: Ճակատագրապաշտությունը մեկ օրում չի զարգանում, այն մշակույթի և քաղաքակրթության՝ դարերով զարգացող արդյունք է և արտացոլվում է գրականության, պատկերների, քաղաքականության, տնտեսության ու ճարտարապետության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել