Կասկածելի անցյալ և ներկա ունեցող զանազան անձանց Հայաստանից Ադրբեջան «շռնդալից» անցումները կազմակերպող Բաքվի բռնապետի հատուկ ծառայությունները և դրանք լայնորեն «լուսաբանող» վերջինիս քարոզչամեքենան հետապնդում են ընդամենը երկու նպատակ. նախ՝ ցույց տալ բռնապետին, որ իրենք աշխատում են և արդարացնում իրենց վրա ծախսվող հսկայական գումարները, իսկ երկրորդը՝ որոշակի քարոզչական ներգործություն իրականացնել հայաստանյան հասարակության վրա:

Թե ինչքանով է Բաքվին հաջողվում առաջադրված նպատակին հասնել դրա առաջին մասով, կարծում եմ՝ բացարձակապես չպետք է հետաքրքրի մեզ, մինչդեռ երկրորդ հատվածն ուղղված է մեր հասարակության անմիջական քարոզչական թիրախավորմանը, որի դեմ պայքարի ամենաարդյունավետ մեխանիզմը, ինչքան էլ պարադոքսալ թվա, կրկին մեր կողմից որևէ հետաքրքրություն չդրսևորելն է, կամ այլ խոսքերով՝ «իրադարձությունը» հնարավորինս լռության, իսկ դրա «հերոսներին» մոռացության մատնելը։

Որպես առաջարկվող անհամաչափ գործելաոճի արդյունավետության ապացույց և դրա արդարացիության կողմնակի ցուցիչ՝ պետք է մատնանշել Բաքու մեկնած տխրահռչակ «ուխտագնացներից» մեկի պարբերական բողոքներն առ այն, որ հայաստանյան լրատվական դաշտը և հասարակությունը գրեթե չեն անդրադառնում իրեն և իր ծավալած «գործունեությանը»:

Պատկերավոր ասած՝ նման անձինք պետք է մեր իսկ ուղեղներում և նաև դրա արդյունք հանդիսացող լրատվական դաշտում առանց որևէ զգացականության հռչակվեն մերօրյա հերոստրատներ և մատնվեն լիակատար լռության ու մոռացության, քանզի այրել են ոչ թե Արտեմիսի, այլ մեր Հայրենիքի տաճարը:

#մերպատասխանըՉեմբեռլենին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել