Իվան Սուխով. հայկական օդանավերը խփելու Ադրբեջանի որոշումը կհանգեցնի նրա միջազգային մեկուսացմանըԾայրահեղ ուշագրավ կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի Կովկասում հեռարձակման բաժնի պետ Իվան Սուխովը՝ Vesti.az կայքին տված հարցազրույցում։ Մեջբերում եմ բանախոսի խոսքը.
«Եթե Ադրբեջանն անգամ մեկ օդանավ խփի, դա կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության անհապաղ սրման, որտեղ Ռուսաստանը, հնարավոր է, բացահայտ չի օգնի Հայաստանին, բայց հաստատ չի աջակցի ադրբեջանական կողմին: Չի բացառվում անգամ, որ Ռուսաստանը մարտական գործողություններ կիրականացնի Ադրբեջանի հյուսիսում՝ դա, օրինակ, հիմնավորելով Դաղստան ադրբեջանցի ահաբեկիչների ներթափանցումով»։
Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Արեւմուտքը երաշխավորել Ադրբեջանին իր հողերի վերադարձը, եթե վերջինս որոշի աջակցել Արեւմուտքին Իրանի դեմ պատերազմում, Սուխովը նշել է.
«Իրանի դեմ պատերազմը հարցական է, սակայն ակնհայտ է, որ եթե նման պատերազմ սկսվի, այն աղետալի կերպով կապակայունացնի Հարավային Կովկասում իրավիճակը: Արեւմուտքը հազիվ թե ունակ լինի երաշխավորել Ղարաբաղի եւ հարակից տարածքների վերադարձը, քանի որ իր շահերն ունի Հայաստանում: Տեսականորեն տարածքների վերադարձման երաշխավոր կարող էր լինել Թուրքիան, սակայն ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը չէին ցանկանա առանց այդ ել ուժեղացող Թուրքիայի չափից շատ աճը: Վախենամ, որ Արեւմուտքին աջակցելու դեպքում, Ադրբեջանը հայտնվի կոլապսի սպառնալիքի տակ»։
Ինչո՞ւմ է կայանում այս հարցազրույցի հետարքքրությունը. նախ՝ Ռուսաստանից գնալով ավելի հաճախակիանում ու կոնկրետանում են զգուշացնող «կարծիքները»՝ ուղղված Ադրբեջանին և նրա լսարանին։ Անգամ եթե սա դիտարկենք որպես պատահական մարդու պատահական խոսք, ապա միևնույն է, բաց է մնում այն հարցը, թե ինչպե՞ս կարող էր տոտալ վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական մեդիա դաշտում նման հարցազրույց հայտնվել... Ես դա մեկնաբանում եմ նրանով, որ Ալիևի ռեժիմը, այնուամենայնիվ, վախենում է պատերազմից ու շատ զգուշորեն սկսում է նախապատրաստել իր հպատակներին այն պարզ իրողությանը, որ Արցախն անդառնալիորեն կորած է, իսկ նոր պատերազմը կարող է կործանարար լինել երկրի համար։
Երկու դեպքում էլ մենք շահեկան դիրքում ենք, ինչն անկասկած ամենակարևորն է։

Կից նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել