«Ես` Տեր Աստվածս, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից և զորավոր դարձրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս` հեթանոսներին, որպեսզի կույրերի աչքերը բանաս և խավարի մեջ նստած կալանավորներին հանես բանտից ու զնդանից: Ե´ս եմ Տեր Աստվածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ քաջությունը` կուռքերին» (Ես. 42.6-8): Սա Աստծու խոսքն է` ուղղված Եսայի մարգարեին, որն այսօր վերստին հնչեցվում է մեզ համար: ... Հիրավի, Տիրոջն է փառքը, և մենք ամենքս պիտի այդ փառքը հավելենք մեր բարի գործերով, պիտի յուրաքանչյուրս յուրօրինակ ուխտ դառնանք մեր ժողովրդի, հասարակության, ընտանիքների համար և լույս` հեթանոսության մեջ խարխափողների, ճշմարիտ Աստծուն չճանաչողների համար: Չէ՞ որ Աստված մեզ զորություն է տալիս մեր հաջողությունների համար, ուժ` մեր հավատին, որպեսզի բարձրանանք, և ո´չ թե մեծամտանանք, հպարտանանք, այլոց անտեսենք, այլ բարձրացնենք և առաջնորդենք դեպի իրական արժեքներ ու ճշմարիտ աստվածճանաչողություն` Քրիստոսի խոնարհության, հեզության, տառապանքի ու սիրո արդար ընկալում: 
Բոլորս, ինչպես և մարգարեի պարագային էր, կոչված ենք որոշակի առաքելության, ծառայության ու պաշտոնի: Մեզ տրվում են կարողություններ և հնարավորություններ, սակայն եթե մենք Աստծու հետ չենք, չարաշահում ենք դրանք և անձնական շահին ծառայեցնում և, փաստորեն, Աստծու պարգևած քաջությունը տարբեր կուռքերին տալիս: Ցավոք, մեր հասարակության մեջ այս ամենն առավել կամ նվազ չափով առկա է: 
Գեթ մեկ վայրկյան անկեղծորեն մտորենք այս մասին և այդ վայրկյանը կվերափոխի մեր կյանքը, նաև հեռու կպահի մեզ` մեր կյանքում որևէ տեսակի անաստված ու սին կռապաշտությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել