ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը Ռուսաստանին անվանել է թիվ մեկ սպառալիք ԱՄՆ-ի համար։

«Ռուսաստանը ԱՄՆ-ի համար հանդիսանում է թիվ մեկ սպառնալիք։ Մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք, որոնցով մենք զբաղվում ենք, սակայն Ռուսաստանը միջուկային ասպեկտի պատճառով կարող է լինել ԱՄՆ-ի համար իրական սպառնալիք»,-հայտարարել է Ջեյմսը Reuters գործակալությանը՝ Կալիֆորնիայում Ռեյգանի անվան ազգային պաշտպանության ամենամյա ֆորումի ժամանակ։

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ֆրենկ Քենդալն իր հերթին հայտարարել է, որ եթե նախկինում ԱՄՆ քաղաքականությունն ուղղված էր Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում սպառնալիքներին, ապա այժմ այն առավելապես կենտրոնացած է Ռուսաստանի վրա։

«Նրանց վարքի պատճառով մենք ստիպված ենք եղել վերանայել հնարավորությունների հաշվեկշիռը, որոնք մեզ կարող են անհրաժեշտ լինել»,-հայտարարել է Քենդալը։

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը Ռուսաստանի նպատակ է անվանել ՆԱՏՕ-ին դիմակայելը և նրա հեղինակության խարխլումը, ինչպես նաև ողջ աշխարհում ռազմական ներկայություն ապահովելու ԱՄՆ զինված ուժերի հնարավորությունների սահմանափակումը։

Ամերիկացի ռազմական գործիչները նշում են, որ վերջին տասնամյակում կիբերանվտանգության, տիեզերքի, միջուկային ներուժի և հակահրթիռային պաշտպանության ոլորտում Ռուսաստանի մշակումները պահանջում են փոփոխություններ 2018 թվականի պաշտպանական բյուջեի նախագծում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել