%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6-%d6%84%d5%b8%d5%b9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6«Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» ձեռք են բերել առաջիկա խորհրդարանական ընտրություններին համագործակցելու հստակ պայմանավորվածություն։ Դեկտեմբերի 12-ին ընդդիմադիր քաղաքական ուժերի այս երեք ներկայացուցիչները հանդես կգան դաշինքով մասնակցելու վերաբերյալ հայտարարությամբ։ Այժմ այս երեք քաղաքական ուժերը քննարկումներ են անցկացնում դաշինքի անվանում ընտրելու հարցի շուրջ։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ անկախ նրանից՝ ընդդիմությունը կհաջողի, թե ոչ, դաշինք կազմելուց զատ՝ այլ տարբերակ չի մնում: «Կապ չունի՝ լավ դաշինք է, թե վատ։ Պատմությունը միշտ էլ ցույց է տվել, որ դրանք հետո փլվել են, ընդ որում՝ և՛ իշխանական դաշինքները, և՛ ընդդիմադիր, բայց քանի որ այլ ելք չկա, առանձին-առանձին մինչև ընտրություն այլ շանս չունեն, պետք է ստեղծեն։ Ընտրություններին մասնակցելու համար այլ ելք չունեն, անկախ նրանից՝ կհաջողեն, թե ոչ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ այս դաշինքի ուժերից երկուսը՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», ունեն ընդգծված պրոեվրոպական կողմնորոշում, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ է «ոչ-ոչ»-ի քաղաքականությանը։ Կարեն Քոչարյանի խոսքով՝ այս դաշինքը կազմվել է հենց արտաքին քաղաքական կողմնորոշումը հաշվի առնելով. ««Քաղաքացիական պայմանագիրն» էլ թեպետ «ոչ-ոչ»-ի կողմնակից է, բայց ավելի շատ պրոարևմտյան է, քան պրոռուսական։ Բոլորն էլ ասում են՝ պրոհայաստանյան, բայց երբ իրականում նայում ես՝ ավելի շատ արևմտյան արժեքների կրող են, քան այլ»։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք այս պրոեվրոպական մոդելի դաշինքը կարո՞ղ է հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ մեր հասարակության մի ստվար զանգված դեռևս ռուսական քարոզչության ազդեցության տակ է. «Չմոռանանք, որ 2007 թվականին «Ժառանգություն»-ը առանց դաշինքի է անցել, 2012-ին՝ «Ազատ դեմոկրատների հետ», այսինքն՝ չեմ կարծում, թե նման խնդիր առաջանա։ Հասկանում եմ, որ հասարակությունն ավելի շատ պրոռուսական է, բայց կա նաև պրոարևմտյան հատված, որ ձաներ կտա այս դաշինքին. թե ինչքան՝ չեմ կարող նշել»։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում «Լուսավոր Հայաստանն» ու «Քաղաքացիական պայմանագիրը» Վանաձորում բավականին լարված ընտրապայքար էին անցկացնում, համացանցում երկու կուսակցությունների համակիրներն ընդհուպ մինչև վիրավորում էին միմյանց։ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հասարակությունը նման ուժերի նկատմամբ կարո՞ղ է վստահություն ունենալ: «Հայաստանում վաղուց ոչինչ վստահելի չէ։ Բայց այլ շանս չկա այդ կուսակցությունների համար, որևիցե կուսակցության համար, բացի Հանրապետականից, այլ շանս չկա։ Օրինակ՝ նույն Դաշնակցությունը գոնե ինչ-որ ռեսուրսներ ունի՝ նախարարություններ, մարզպետներ, իսկ ընդդիմադիր դաշտում գործողները դա էլ չունեն, հետևաբար այլ շանս էլ չունեն»։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել