Թբիլիսիի ոստիկանության անդամները նրա հետ գինի են խմել: Օդեսայի «գողերը» եկել են նրան տեսնելու: Բաշկորտոստանից նրան մեղր են ուղարկել: Հայերի կաթողիկոսը հանդիպել է նրան և շքեղ ճաշ կազմակերպել: Տանը նա կենդանի առյուծ էր պահում: Շատ էր աշխատում և շատ էր խմում: Մարդիկ վստահում էին նրան, հիանում էին նրանով, ընդօրինակում էին նրա շարժումները և վերապատմում էին նրա հրաշալի պատմությունները: Նրա շքեղ, շլացուցիչ տունը այն ժամանակների մշակույթի ամենապայծառ օրինակն էր համարվում: Սակայն լուսանկարչությունը նա իր կիրքն էր համարում:

Լուսանկարիչ Վիտաս Լուցկուսը (29/05/1943 – 16/03/1987) ապրում էր մի հասարակության մեջ, որը նրան պաշտոնապես չէր ընդունում: Խելահեղությունը, հետաքրքիր անհատականությունը և նրա արտառոց լուսանկարները Լուցկուսին չէին թողնում հարմարվել, այսպես կոչված, «նորմալ կյանքի» պայմաններին: Նա ռեժիմի շրջանակներում հաջողություն չէր փորձում գտնել:

Ավելի քան 20 տարի է անցել: Սակայն Լուցկուսը մինչ այսօր համարվում է «արգելված» լուսանկարիչ անգամ իր հարազատ երկրում: Նրա հաջողությունները և նորարարությունները քիչ թվով մարդկանց են հայտնի, քանի որ տեղի են ունեցել լուսանկարչի կյանքի սովետական ժամանակաշրջանում:

Լուցկուսը ստեղծագործական մեծ պոտենցիալ ուներ: Նրան համարում են Լիտվայի գաղափարային լուսանկարչության նախահայրը: Սակայն Վիտաս Լուցկուսը միշտ պահպանել է իր նվիրվածությունը ռեպորտաժների նկարահանմանը, որից սկսել է կարիերան՝ կարողանալով համատեղել երկու հակառակ բևեռներ՝ մաքուր փաստականությունը և համարձակ գեղարվեստականությունը:

1960-ականների կեսերից մինչև 1980-ականները նա ճանապարհորդել է սովետական բոլոր հանրապետություններով, լուսանկարել է քրիստոնյաների, արտիստների, պատահական անցորդների, ոսստիկանների, երեխաների: Ֆոտոխցիկը միշտ կախված էր նրա ուսից:

Լուսանկարիչը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, սակայն նրա աշխատանքը չի ընդունվել գրաքննիչների կողմից: Նրան հաճախ հետևում էին իրազեկիչներն ու ոստիկանները: 1987 թ. մարտի 16-ին մի անհայտ մարդ՝ ամենայն հավանականությամբ КГБ-ի գործակալ, ներխուժել է Լուցկուսների բնակարան, որը գտնվում էր Վիլնյուսում: Վիտասին վրդովվեցրել են այդ մարդու հարցերը և ըստ հայտնի տվյալների՝ նա վերջինիս մահացու հարված է հասցրել, ինչից հետո նետվել է պատշգամբից: Կինը գտել է նրան ձյան մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել