Image result for ԿառավարությունՆերհայաստանյան քաղաքական ինտրիգների բովում

Քաղաքակրթության զարգացումը տեղի է ունենում հասարակական համակարգերի փոխակերպումների ու կատարելագործման ճանապարհով: Հասարակական համակարգը պատմականորեն ձևավորված հաստատությունների (խմբերի, կառույցների ու կազմակերպությունների) և հարաբերությունների ինքնակարգավորվող, բարդ ու բազմաշերտ ամբողջություն է: Դրա զարգացումներն անմիջականորեն կապված են ինստիտուցիոնալ կառույցների էվոլյուցիայի, ավանդական սոցիալական հաստատությունների արդիականացման ու վերափոխման, նորերի ձևավորման գործընթացների հետ:

ՀՀ-ում կատարվող արմատական վերափոխումներին բնորոշ իրողությունը ժամանակակից ժողովրդավարական համակարգերի հատուկ հաստատությունների ձևավորման, ինստիտուցիոնալիզացիայի գործընթացն է, որի նպատակն է՝ հասարակական զարգացումներն ու հարաբերությունները դարձնել սոցիալ-կառուցվածքային տեսանկյունից ավելի կարգավորված ու նորմավորված: Մեր հասարակության մեջ ընթացող համակարգային փոխակերպումների, ժողովրդավարացման գործընթացների նպատակային իրականացման առումով կարևորվում է հասարակական համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ վերլուծությունը:

Պատմության, հատկապես 20-րդ դարի փորձը, երբ ձևավորվել են հասունացած քաղաքական համակարգեր, հնարավորություն է տալիս ասելու, որ միակուսակցական համակարգը, որպես կանոն, բնորոշ է այնպիսի հասարակության քաղաքական կյանքին, որում իր դրսևորումը չի գտել հասուն սոցիալական կառուցվածքը, պահպանվել է հետամնաց տնտեսությունը, բնակչության մեծամասնության քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակը, իր զարգացումը չի գտել ժողովրդավարությունը և այլն:

Քաղաքական ինստիտուտների և իշխանության կառույցների ճգնաժամը կապված է հասարակական կառավարման բնագավառում իրենց առաքելության ոչ արդյունավետ իրականացման հետ և դրսևորվում է բնակչության շրջանում դրանց նկատմամբ վստահության անկմամբ:

Դրա հետ կապված ձևավորվում են երկու հիմնական միտումներ. լայն խավերին բնորոշ քաղաքական իներտություն, քաղաքական կյանքից օտարվածություն և քաղաքական կառույցների` քաղաքացիներին իրենց կողմը գրավելու ոչ ժողովրդավարական մեթոդներին (ընտրակաշառք, վարչական ռեսուրսների և միջոցների կիրառում) դիմելու գործելակերպի աճ: Նոր ինստիտուտների ձևավորման և ինստիտուցիոնալ ճգնաժամի երեւույթները հասարակական համակարգի զարգացման ու վերափոխման գործընթացների անխուսափելի իրողություններ են: Առանց ճգնաժամերի և դրանց հաղթահարման դժվար է պատկերացնել ինստիտուտների զարգացումն ու հասարակական առաջընթացը:

Վերջին տասնամյակների փորձը վկայում է, որ փոխակերպվող հասարակության մեջ պարբերաբար աճում է իշխանության ինստիտուտների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ անվստահությունը: Ճգնաժամը, սակայն, վեր հանելով ինստիտուտի գործառնության մեջ եղած խոչընդոտները, օգնում է նաև մեթոդապես հիմնավորված գործունեության դեպքում վերացնել դրանք` կատարելագործելով հասարակական համակարգի կառուցվածքային և ֆունկցիոնալ նկարագիրը: Դա իր հերթին ենթադրում է տեսական և կիրառական ուսումնասիրությունների վրա հիմնված հետազոտական ծրագրերի իրականացում:

Եթե քաղաքական ինստիտուտները չեն կատարում հանրային շահերի բավարարման իրենց առաքելությունը, երբ գերակայող են դառնում կառավարման օլիգարխիկ մեթոդները և առանձին խմբիշխանների շահերի բավարարման միտումը, ֆունկցիան վերածվում է դիսֆունկցիայի: Վերջինիս աճը կարող է հանգեցնել քաղաքական և հասարակական կառույցների կազմալուծման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել