Պատմության մեջ այս օրը 1920թ. դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Հայաստանի խորհրդային օկուպացիան: Հայաստանի Առաջին Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց: Հայաստանի Առաջին Հանրապետությունը, ստեղծվելով 1918թ., գոյատևեց ընդամենը 2.5 տարի, քանի որ հայտնվել էր քեմալա-բոլշևիկյան (ռուս-թուրքական) տանդեմի առջև, որոնք և նախօրոք համաձայնեցված գործողություններով և միմյանց հետ դաշնակցելով կարողացան վերացնել հայկական պետականությունը: Հայ քաղաքական գործիչներից Սիմոն Վրացյանը այդ ժամանակաշրջանի ռուս-թուրքական համագործակցության մասին նշում է «...Մի կողմից` ծայր աստիճան հոգնած, քայքայված և խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշևիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից` հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են և’ թուրքերը, և’ ռուսները, և ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման»:

Հ.Գ. Հայաստանի խորհրդային օկուպացիան լրջագույն հարված եղավ հայ ժողովրդի համար: Երկիրը թևակոխեց 70-ամյա կոմունիստական դժոխքի ժամանակաշրջան: Գնդակահարվեցին և աքսորվեցին տասնյակ հազարավոր մարդիկ: 1930-ականներին ոչնչացվեց մեր ազգի մտավորական սերուցքը: Լրջագույն հարված եղավ բնակչության դեմոգրաֆիային, երբ տեռորի, գնդակահարությունների և աքսորի հետ մեկտեղ 1941թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանակներում բռնկված գերմանո-սովետական պատերազմի ժամանակ զոհվեց շուրջ 300 հազար հայ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել