Նոյեմբերին Ուկրաինան Ադրբեջանից ներկրել է 740 տոննա պրոպան–բութան։ Մինչ այդ, Ադրբեջանն Ուկրաինա հեղուկ գազ չէր մատակարարել։
Հեղուկ գազն Ուկրաինա է տեղափոխվել Ռումինիայի Գալաց նավահանգստից, որտեղ հասել էր տանկերով`վրացական Բաթումիից։

Ուկրաինան ունենալով լուրջ խնդիրներ ՌԴ-ի հետ ցանկանում է գտնել ռուսական գազից ու նավթից կախվածության թուլացման ուղիներ և Ադրբեջանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, որը թույլ կտա Կիևին Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ մերձկասպյան էներգակիրներով հարուստ երկրներ՝Ղազախստան, Թուրքմենստան, ինչպես նաև Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործել իրանական նավթն ու գազը ստանալու համար:

Չմոռանանք, որ Ուկրաինան ու Ադրբեջանը միևնույն հակառուսական ուղղվածություն ունեցող ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են:
«Укртранснефть»–ն ու «Укртатнафта»–ն արձանագրություն են ստորագրել ադրբեջանական նավթը Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան տեղափոխելու մասին։ Ադրբեջանական նավթը փոխարինելու է ռուսական նավթին։

«Укртатнафта»–ն ցանկություն ունի 2017-2019թթ.–ին «Azeri Light» տեսակի նավթը Օդեսայով տեղափոխել Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան։ Ծավալը կազմելու է տարեկան 1,3 միլիոն տոննա։«Azeri Light» նավթի առաքումները նախատեսվում է սկսել 2017թ.–ի հունվարի մեկից։
Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը Ուկրաինայի նավթամթերքների ռազմավարական պաշարներն ապահովող օբյեկտներից մեկն է և այն բավարարում է ուկրաինական շուկայի ավելի քան 30 %–ը`օրը գործարանում մշակվում է 7000 տոննա նավթ։

Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Ազեր Հուդիևը հայտարարել է, որ Օդեսա–Բրոդի նավթամուղով ադրբեջանական նավթի առաքումների վերականգնումը դեպի Ուկրաինա փոխշահավետ է և այն բազմակողմ համագործակցության տարրերից մեկն է։
Ուկրաինան փորձելու է Ադրբեջանի տրանսպորտային միջանցքներն օգտագործել իր ապրանքները՝ՌԴ-ը շրջանցելով Կենտրոնական Ասիա ու Չինաստան դուրս բերելու համար: Բաքուն ու Կիև պաշտպանում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ՄԱԿ-ում ու այլ միջազգային հարթակներում քվեարկում միմյանց օգտին՝հակահայկական բանաձևեր ընդունելով:

Ադրբեջանն էլ հետաքրքրված է Ուկրաինայով, որպես սպառման մեծ շուկայի, այդ թվում իր նավթի ու գազի համար, որն Ուկրաինա է արտահանվում վրացական սևծովյան նավահանգստյան հզորություններով: SOCAR-ը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում իր լցակայաններով, իսկ Ուկրաինայում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ուկրաինացի վարձկանները կռվում էին Ադրբեջանի զինված ուժերի շարքերում ընդդեմ Արցախի՝ուկրաինացիները հիմնականում օդաչուներ էին ու դիպուկահարներ:

Ադրբեջանը տարիներ շարունակ տանկեր, ուղղաթիռներ, հրետանային և այլ համակարգեր է գնում Ուկրաինայից, որը դեռևսս պահպանել է խորհրդային ռազմա-արդյունաբերական ներուժը: Ուկրաինայի ու Ադրբեջանի միջև վերջերս կնքվել է Ան ռազմա-տրանսպորտային 10 ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը: Այդ ինքնաթիռները նախատեսված են զորք, զինամթերք տեղափոխելու և դեսանտ իջեցնելու համար:
Արդեն իսկ հասկանալի է, թե այդ զինամթերքներն ու զինատեսակները ում դեմ է օգտագործելու Ադրբեջանը։
Չմոռանանք նաև AGRI-(Azerbaijan-Georgia-Romania-Interconnector) նախագծի մասին, որը ենթադրում է ադրբեջանական գազի արտահանում Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա, մասնավորապես Ռումունիա:

Ըստ այդ ծրագրի` ադրբեջանական գազը գոյություն ունեցող գազամուղով հասնելու է Վրաստանի սևծովյան նավահանգիստներ, որտեղ գազը հեղուկացվելու է և հատուկ նավերի միջոցով տեղափոխվի ռումինական Կոնստանցա նավահանգիստ, որտեղից գազը կարտահանվի դեպի եվրոպական երկրներ:

Կիևը հետաքրքրված է ռուսական գազային, նավթային կախվածությունն Ադրբեջանի օգնությամբ նվազեցնելու մեջ, ինչը նշանակում է, որ Ուկրաինա–Ադրբեջան էներգետիկ–տրանսպորտային միջանցքը շարունակելու է զարգանալ ու միանալ Տրանսկասպյան միջանցքին`Ադրբեջան–Ղազախստան լոգիստիկ կապերի շնորհիվ, ինչպես նաև Հյուսիս–Հարավին`Ուկրաինան կարող է նավթ, գազ ներկրել նաև Իրանից`Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքներով ու վրացական սևծովյան նավահանգսիտներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել