Անկախության հռչակումից անցել է 25 տարի, և ՀՀ երրորդ հանրապետության պետական իշխանության կառույցներն ու քաղաքական համակարգի մյուս ինստիտուտները կառուցվածքային-նորմատիվ տեսանկյունից կարելի է համարել կայացած, իսկ ժողովրդավարության իրականացման պոտենցիալի առումով բավարար ու արժեքավոր մոդելի տարրեր: Սակայն նույնը չի կարելի պնդել քաղաքական համակարգի ինստիտուտների ֆունկցիոնալ կայացման, ենթակառուցվածքային մեխանիզմների և միջինստիտուցիոնալ կապերի ու հարաբերությունների տեսանկյունից: Այդ առումով թե՛ քաղաքական իշխանության կառույցները և թե՛ կուսակցությունները դեռ ճանապարհ ունեն անցնելու:

Պետական իշխանության հաստատությունների վերաբերյալ հասարակական կարծիքի մերօրյա ընկալումներում առանձնանում են պատմամշակութային արմատներ ունեցող ծայրահեղ մոտեցումներ ու կարծրատիպեր. հնազանդվողական-հարմարվողական և մերժողական-խուսափողական տրամադրություններ: Առաջինը, թերևս, գալիս է հին ավանդական դիրքորոշումից, թե պետությունը աստվածային կամքն իրականացնող կառույց է և պետք է հնազանդվել ու հարմարվել իշխանություններին:

Երկրորդ և առավել հաճախ հանդիպող տրամադրությունները մասամբ պայմանավորված են պետության` որպես շահագործման մեխանիզմի մասին մարքսիստական մեկնաբանություններով, իսկ ավելի շատ, թերևս դարեր շարունակ սեփական պետություն չունենալու և օտարների տիրապետության բացասական փորձն ունենալու իրողությամբ: Ի վերջո, պետական իշխանության կառույցները հաճախ ընկալվում են սոսկ որպես հարկահավաք-հարստահարիչ մեխանիզմի օղակներ, որոնք կարելի է շրջանցել:

Եթե պետական իշխանությունների համակարգը, այս կամ այն չափով ժառանգելով Խորհրդային Հայաստանի պետականության որոշ ավանդույթներ ու մեխանիզմներ, համեմատաբար ավելի կայուն բնութագծերով է ներկայանում քաղաքական կյանքում, ապա քաղաքական կուսակցությունների դաշտն աչքի է ընկնում համեմատաբար թույլ և ամորֆ գծերով, դինամիկ, երբեմն էլ` դրամատիկ գործընթացներով:

Հայաստանում գործող կուսակցությունները դժվար է ներկայացնել որպես դասական իմաստով կայացած, սոցիալական լուրջ հենք ունեցող և հասարակայնորեն ներկայացուցչական ինստիտուտներ: Դա պայմանավորված է հասարակական համակարգի դեռևս անկայուն նկարագրով, այդ ոլորտում տեղի ունեցող խմորումներով, սոցիալական խավերի ու շերտերի ոչ հստակ գծագրմամբ, մասամբ նաև ազգային հոգեխառնվածքից ու մտածելակերպից բխող անհատապաշտական դիրքորոշումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել