Hetq.am-ը գրում է.

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում` ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների հետ, որի նպատակը ոլորտի տնտեսավարողներին ևս մեկ անգամ ներկայացնելն էր բուսական ծագման մթերքին ներկայացվող անվտանգության պահանջները:

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը խոսել է այն մասին, որ վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված ջերմատնային տնտեսությունների զարգացումը, գերժամանակակից ջերմատների կառուցումը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրումը, մշակության հիդրոպոնիկ եղանակը ողջունելի առաջընթաց է ապահովել ոլորտի համար:

Սակայն նա նաև շեշտել է սպառողներին քրոնիկ հիվանդություններից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ թունաքիմիկատների և պարարտանյութերի չափաքանակների գերազանցումը և ոչ ճիշտ օգտագործումը հանգեցնում են պտուղ-բանջարեղենում պեստիցիդների և նիտրատների մնացորդային թույլատրելի քանակների գերազանցմանը՝ տվյալ մթերքը դարձնելով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր:

Բուսասանիտարիայի տեսչության պետը հորդորել է գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կազմակերպել գրագետ և պարարտացումները կատարել պլանային կարգով՝ այդպիսով զերծ մնալով մնացորդային նյութերի թույլատրելի քանակը գերազանցելուց: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել թունաքիմիկատների ընտրության հարցին՝ ընդգծելով, որ խստագույնս պետք է պահպանվեն թունաքիմիկատի օգտագործման չափաքանակները, եղանակներն ու սպասման ժամկետները:

Ոլորտի տնտեսավարողները տեղեկացվել են, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն սկսել է դիտարկումներ իրականացնել հանրապետության տարածքում իրացվող բուսական ծագման մթերքների նկատմամբ` ուշադրություն դարձնելով պեստիցիդների և նիտրատների թույլատրելի քանակություններին:

Տեսչության պետը հավաստիացրել է, որ ծառայությունը պատրաստակամ է աջակցել ջերմատնային տնտեսություն վարողներին, մասնագիտական խորհրդատվություն տրամադրել և, վնասակար օրգանիզմների տեսակի որոշման նպատակով, կատարել նմուշառում և ենթարկել լաբորատոր փորձաքննության՝ անվճար հիմունքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել