Image result for ՀՀԿ-ի 16-րդ համագումարիՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
16-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ ու բազմաշերտ համակարգը, հետևողական ջանքեր են ներդրվում կուսակցական մեխանիզմի արդյունավետության բարձրացման և արդիականացման ուղղությամբ: Ավելացել է կուսակցության սկզբնական կազմակերպությունների քանակը, ընդարձակվել են ՀՀԿ կապերն արտաքին աշխարհում, աշխատանքներ են իրականացվում կուսակցականների քաղաքական ու գաղափարական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, հիմնադրվել և իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Հայաստանում առաջին կուսակցական քաղաքական դպրոցը:

2016-2018 թվականները լինելու են խիստ կարևոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Հանրապետականը պատրաստ է հատուկ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն և անցնցում:

Մեր բոլորի ուշադրության կենտրոնում է Հայաստանի տնտեսությունը, առկա բոլոր մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելու գերակայությունը: Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով, կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները և չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց և ընտանիքների կյանքը։

Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերն ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տևական կայուն տնտեսական աճի համար։ Այս տեսանկյունից գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային։

Հայաստանը միջազգային հարաբերություններում շարունակում է հանդես գալ որպես պատասխանտու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր: Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազ-գային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձևը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։

Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ:
Այսօր Հայաստանի Զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական և կադրային արդիականացման միջոցով մենք ձևավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծը և զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու:

Առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Մեր համընդհանուր նպատակադրումը հստակ է՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում և առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։

Հանրապետականը բաց է համագործակցության համար բոլոր շահագրգիռ և հայրենասեր ուժերի ու անհատների համար: Մենք պատրաստ ենք աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը քարի վրա դնել՝ մեր ընդհանուր տունը շենացնելու համար:

Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը և ինտելեկտուալ կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն Հայն ու Հայաստանը:

Հայաստանը հաղթելու է:

քաղաք Երևան
26.11.2016

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել