Մարտիրոս Սարգսի Սարյան (փետրվարի 28 (16), 1880 թ., Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն — մայիսի 5 1972 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեծ նկարիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945—51)։
Սարյանի նախնիները եղել են անեցի, որ գաղթել են Ղրիմ, մասնակցել տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Նրանց շառավիղները Ղրիմից տեղափոխվել և մասնակցել են Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։ 1895-ին Սարյանը ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան (հայերեն, ռուսերեն) ուսումնարանը։ 
Հ. Արծաթպանյանի ղեկավարությամբ մասնագիտական նախնական գիտելիքներ ստանալուց հետո, 1897-1904-ին սովորել է Մոսկվայի Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում։ 1901-ին, առաջին անգամ, մեկնել է Կովկաս, եղել Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սևանում, 1902-ին՝ Անիում։ Ճամփորդության ընթացքում, ինչպես և հետագա տարիներին, հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, ճարտարապետության, քանդակագործության, որմնանկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստի հուշարձանները, որը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա։ 1903-ին ավարտել է ուսումնարանի հիմնական դասընթացը և մոտ երկու տարի կատարելագործվել նույն հաստատությանը կից Վ. Ա. Սերովի և Կ. Ա. Կորովինի «Դիմանկարի արվեստանոցում»։ Ուսումնառության տարիներին մոտիկից շփվել է ռուս մտավորականության լավագույն ներկայացուցիչներից շատերի հետ, ինչը զգալի նշանակության է ունեցել նրա՝ առաջադեմ մտավորականի և քաղաքացի արվեստագետի դիրքորոշման մեջ։
Արդեն ինքնուրույն դիմագիծ ու ոճ ունեցող արվեստագետը հաճախ է ճանապարհորդել. 1910-ին եղել է Կոստանդնուպոլսում, 1911-ին՝ Եգիպտոսում, 1913-ին՝ Պարսկաստանում։ Վերադառնալով ուղևորություններից՝ Սարյանը ակտիվորեն մասնակցել է «Միր իսկաստվա», «Գոլուբայա ռոզա» և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։ «Գլիցինիաներ», «Մրգեղենի կրպակ», «Փողոց Կոստանդնուպոլսում» (երեքն էլ՝ 1910) նկարները առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը։
1915-ին, Մեծ Եղեռնի օրերին Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։ Մեկնել է Էջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցույց տալու համար։ Հ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ջանքերը գործադրել է Արևելյան Հայաստանում ապաստանած արևմտահայերի վերջին մնացորդներին մահվան ճիրաններից փրկելու համար։ Անքուն գիշերների հետևանքով և տեսածի ծանր տպավորության տակ հոգեկան ցնցում է ստացել։ Հովհաննես Թումանյանի հանձնարարությամբ Սարյանին տեղափոխել են Թիֆլիս՝ հիվանդանոց։ 1916-ին, Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Ե. Թադևոսյանի և այլոց հետ մասնակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, Վ. Սարենյանցի հետ ձևավորել Վ. Բրյասովի «Հայ պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» անթոլոգիան, 1919-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։
Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921-ին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թ-ի մայիսի 5-ին վախճանվել է: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: 1967-ին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը։ Սարյանի գործերը կենտրոնացված են Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես և Տրետյակովյան պատկերասրահում, ԱՊՀ երկրների տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործական գործունեություն
Սարյանը ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական գործեր։ Նրա համար չեն եղել կարևոր ու երկրորդական ժանրեր։ Գեղարվեստական որակը նկարչի համար դարձել է հիմնանպատակ։
Նրա 1896-1903-ի երկերում («Մոր դիմանկարը», 1898, «Կովեր», 1899, «Ուստիան Սարյանի դիմանկարը», 1900, «Ինքնադիմանկար», «Մաքրավանք», երկուսն էլ՝ 1902, «Սոֆյա Միանսարյան», 1903) տրված է օբյեկտների ռեալիստական, «քանդակային» կառուցվածքը։ Կոլորիտը աքրոմատիկ է ու «թանգարանային»։ Գերակշռող մոխրաշագանակագույնը կատարում է լույսի ու ստվերի աստիճանավորումն իրացնող դեր։ Ձևը սահմանափակվում է իրականի արտաքին-ֆիզիկական հավաստիությունը վերարտադրելով։
Առաջին շրջան
Ստեղծագործության առաջին շրջանում (1904—09) Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից՝ ստեղծելով մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»։ Այդ տարիներին նա ծանոթացել է ֆրանսիական նորագույն շրջանի գեղանկարչությանը (ըստ Ի. Ս. Շչուկինի հարուստ հավաքածուի և «Զոլոտոյե ռունո» ամսագրի ցուցահանդեսների), առավել ևս համոզվել իր ստեղծագործական որոնումների ճշմարտացիության մեջ։ 1907-ին մասնակցել է «Գոլուբայա ռոզա» և այլ ցուցահանդեսների՝ ներկայացնելով «Հեքիաթներ ու երազներ» ֆանտաստիկ պատկերների մեծ շարքը («Լուսնկա գիշեր», 1904, «Հեքիաթ։ Արարատի ստորոտում», 1904, «Ծաղկած սարեր», 1905, «Փերիների լիճը», 1905, «Լուսնի կախարդանքը», 1906, «Համբույր», 1906, «Հովազներ», 1907, «Գիսաստղ», 1907, «Հովազը և կանայք», 1908, «Տապ։ Վազող շուն», 1909)։ «Հեքիաթներ ու երազներ»–ում Սարյանը մերժել է ավանդական, «թանգարանային» մութկեկ կոլորիտը։ Սակայն նրան խորթ էր նաև գունալուսային անցողիկ տպավորությունների, առարկաների արտաքինի վրա թրթռացող ելևէջների իմպրեսիոնիստական ֆիքսումը։ Նա ստեղծագործել է գունընկալման առօրյա փորձի տվյալների անմիջական վերարտացոլումը բացասելով։ Պատկերվող բոլոր առարկաներն ու արարածները մեկնաբանել է որպես լիովին պայմանական, գունալուսաճառագման ներքին զորությամբ օժտված ոգի էակներ։ Սարյանի մոտիվները բնույթով պատմողական չեն։ Դրանք ծառերով, գազելներով, սարերով, մարդկանց ու այլազան կենդանիների կերպարանքներով կազմակերպված ֆանտաստիկ իրադրություններ են, որ բացառում են ավանդական «գրական» սյուժեն։ «Հեքիաթներ ու Երազներ»–ում միահյուսվել են մանկական անմիջականությունը և իմաստունի խոհը։ Էությամբ յուրովի պանթեիստական շարքը դիտողին ներշնչում է կյանքի առօրյայից բարձրանալու և մայր բնության, տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալից ձգտումը։

Երկրորդ շրջան
Սարյանի ստեղծագործության երկրորդ շրջանի (1910-ական թթ.) երկերը («Կ. Պոլիս։ Փողոց։ Կեսօր», 1910, «Ի. Ս. Շչուկինի դիմանկարը», 1910, «Փյունիկյան արմավենի, 1911, «Եգիպտական գիշեր», 1911, «Բանաններ», 1911, «Գ. Լևոնյան», 1912, «Պարսկական նատյուրմորտ», 1913, «Քաղաքիկի ծաղիկները», 1914, «Ա. Ծատուրյան», 1915, «Ծաղիկներ», 1916, «Դաշտային ծաղիկներ», 1918) ի տարբերություն «Հեքիաթներ ու երազներ»–ի՝ թեմատիկայով ֆանտաստիկ չեն։ Դրանք մոտիվներով արդեն կոնկրետ-իրական են։ Բայց կերպավորման ընդհանուր-էսթետիկական մի քանի սկզբունքներով դարձյալ, ճիշտ է յուրովի, զարգացնում են նախորդ շրջանի գործերի տեսիլքային կողմնորոշումը։ Լինեն ծաղիկներ թե մրգեր, մարդիկ թե կենդանիներ, բնապատկերներ թե կենցաղի առարկաներ՝ նկարչի 1910-ական թթ. կտավներում ստացել են ընդհանրացված բնութագրություն, վերածվել հավաքական, մոնումենտալ-էպիկական կերպարների։ Ընդգրկված կոնկրետ նյութի եզակիորեն հատկանշական գծերը բացահայտելով ու դրանք երևակայաբար վերամիավորելով, Սարյանը ստեղծել է էությամբ մտահայեցողական տեսիլքներ, որոնք նշանաբանում են բնությունը հավիտենական շարժման մեջ պահող համատիեզերական կենսաուժի գոյության նկարչի պանթեիստական հավատամքը, անմահության, երջանկության և ազատության գաղափարները։ 1910-ական թթ. նրա գործերը, հագեցած ու հնչեղ, հակադիր ու համագիր գույների, սինթետիկ գծերի, լուսաստվերների և հարթությունների այդ զմայլելի աշխարհները, արտահայտում են կյանքի հավերժության խորհրդավոր ներզգայումը։ Այդ գործերում Սարյանը համաձուլել Է Պոլ Գոգենի դեկորատիվ գունամտածողությունը, եռաչափ ծավալաձևի սեզանյան ըմբռնումը, Վինսենթ Վան Գոգի շեշտված գունագծային տեսակետը և հայ միջնադարյան մանրանկարչության, որմնանկարչության, ճարտարապետության մի շարք սկզբունքները՝ ստանալով մի նոր, բացարձակապես սարյանական արժեք ու որակ։ Եվ դա նրան լիակատար հնարավորություն է տվել վճռելու երանգների ենթակարգության, «գրաֆիկական» գծի ու համասեռ մակերեսների, տարանջատված լույսի ու ստվերի փոխհարաբերման, առարկայի ու տարածության կոնստրուկտիվ-երկրաչափական կառուցման, կոմպոզիցիայի բաղադրամասերի միջև դինամիկ ու ստատիկ հավասարակշռության ստեղծման, Արևելքի ու Եվրոպայի գեղարվեստական մտածելակերպի լծորդման բարդ պրոբլեմները, կարևորագույն պրոբլեմներ, որոնք զբաղեցրել են Սարյանի սերնդի ու Սարյանի մասշտաբի բոլոր մեծություններին (Մարկ Շագալ, Պաբլո Պիկասսո, Անրի Մատիս, Ժ. Բրաք, Ժ. Ռուո, Վ. Կանդինսկի), և որոնցով էլ պայմանավորվել է XX դ. նորարարական գեղանկարչական ըմբռնումների զարգացումը։
Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել