Tert.am-ը գրում է.

Եգիպտոսի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Մազլումյանը Tert.am-ին պատմեց, որ հիմա Եգիպտոսի խորհրդարանի պատգամավորները Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի տեքստն են պատրաստում, որ ներկայացնեն խորհրդարանի նախագահին, որն էլ պետք է հարցը խորհրդարանի օրակարգում ներառի:

«Եգիպտոսն առաջին իսլամիստական պետությունն է, որ բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը:  Խնդիրը շատ նուրբ է, հնարավոր է, որ խոչընդոտների հանդիպի, այն քաղաքական շահերի հետ է կապված,  այդ ամբողջ տարածաշրջանի քաղաքականության հետ է կապված»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ պետք չէ մտածել, որ բանաձևի ընդունումը հաջողությամբ չի պսակվի:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Բաքրին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով երկրի խորհրդարանին ու կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մուստաֆա Բաքրին հայտարարել է, որ պատմական փաստաթղթերը վկայում են, որ 1915-1922 թվականներին թուրք-օսմանցիները 1.5 միլիոն հայ են ոչնչացրել: Այդ փաստերը քննարկելու համար նա կոչ է արել խորհրդարանի հատուկ նիստ հրավիրել: Բաքրիի ներկայացրած նախագծի տակ ստորագրել է 337 պատգամավոր:


Արմեն Մազլումյանը հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նախօրեին իրենք Եգիպտոսում մեծ աղմուկ էին բարձրացրել և մարդկանց ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության փաստի վրա: «Հայոց ցեղասպանության մասին տեղեկատվություն տարածվեց Եգիպտոսի հեռուստաընկերություններով, գրքերով, համալսարաններում շատ աշխատանք տարվեց: Դրանից հետո խնդրի նկատմամբ եգիպտացիների մոտ թեմայի շուրջ հետաքրքրությունը բարձրացավ: Եվ երբ Թուրքիայի հետ Եգիպտոսի հարաբերությունները վատացան, և Թուրքիան սկսեց միջամտել այդ երկրի ներքին քաղաքականությանը, Եգիպտոսը որոշեց ինչ-որ դիրք բռնել՝ հակազդելու  Թուրքիայի քաղաքականությանը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել