Իշխանության ներկայացուցիչները Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում են ընդունել ընտրությունների արդյունքները, համագործակցել, մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ճիշտ օգտագործել իրեն տրված քվեները եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ փափուկ բարձ են դնում Րաֆֆու գլխի տակ՝ մոտավորապես «ախպեր, քարը փեշիցդ թափի, արի նստենք-խոսենք, ընդդիմադիր դաշտը քեզ տանք, 4-5 տարի էդպես յոլա գնա, պրծնենք» լեյտմոտիվով: 
Ինչպես երեւաց Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին ասուլիսում, սա նրան անձնական հանդիպման ժամանակ հասկացրել էր Սերժ Սարգսյանը: Երեկ հրապարակավ նույնն արեց նաեւ Հովիկ Աբրահամյանը: Նման մտքեր են հնչեցնում նաեւ իշխանության այլ ներկայացուցիչներ, մերձիշխանական գործիչներ ու վերլուծաբաններ: Իշխանականների այս մղումը պարզ ու հասկանալի է. մարել սկսված ժողովրդական շարժումը եւ հանգիստ վայելել նվաճված իշխանությունը:
Բայց երբ նման տեսակետներ ու առաջարկներ են հնչեցնում ընդդիմադիր համարվող գործիչները, ասենք՝ նախկին կոնգրեսականներ Դավիթ Շահնազարյանը, Միքայել Հայրապետյանը, առավել քան զարմանալի ու տարօրինակ է: Հատկապես զարմանալի է այն առումով, որ սույն պարոնները, ամեն դեպքում, չեն համարում, որ ընտրությունները եղել են մաքրամաքուր, ու Սերժ Սարգսյանը համարվում է լեգիտիմ: Չնայած սրան՝ նրանք Րաֆֆուն ամեն կերպ մղում են Սերժ Սարգսյանի հետ ձեռքսեղմմանը եւ շնորհավորելուն՝ մատնանշելով աշխարհաքաղաքական ինչ-ինչ անհամոզիչ գործոններ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել