Image result for trumpԱմերիկյան ԶԼՄ-ները շարունակում են կանխատեսումներ անել, թե ինչ կարող է պատահել հունվարի 20-ից հետո, երբ իշխանությունն անցնի Դ.Թրամփին: ԶԼՄ-ների կածիքով Թրամփին դժվար կլինի իր սեփական շահերը տարանջատել երկրի շահերից և տեղի կունենա բախում՝ նախագահ Դ.Թրամփի և գործարար Դ.Թրամփի միջև: Այսպիսով՝ նորընտիր նախագահը ստիպված կլինի ղեկավարել երկու կայսրություններ՝ իր սեփականը և ԱՄՆ-ն:
Ամերիկյան The Washington Post- ը հաղորդում է, որ Դ.Թրամփն ԱՄՆ-ից դուրս ունի 113 միջազգային ձեռնարկություններ 18 երկրներում: Ամենաշատ ձեռնարկությունները Թրամփն ունի Հնդկաստանում՝ 16-ը: Հաջորդիվ գալիս են ՄԱԷ-ն՝ 13, Կանադան՝ 12, Չինաստանը՝ 9, Ինդոնեզիայում, Պանամայում և Սաուդյան Արաբիայում՝ 8-ական, Շոտլանդիայում՝ 7, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ՝ 5, Քաթարում, Իսրայելում, Բրազիլիայում, Իռլանդիայում՝ 4-ական, 2-ական՝ ՀԱՀ-ում, Ֆրանսիայի գաղութներում, Ուրուգվայում և Թուրքիայում, Բերմուդյան կղզիներում՝ 1:
Ամերիկյան ԶԼՄ-ները արդեն մանրամասներ են հաղորդում, թե ինչպես է Դ.Թրամփն իր նախագահ ընտրվելն օգտագործում անձնական շահերի համար: Օրինակ, երբ Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին զանգահարել է, որ շնորհավորի Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ, վերջինս խնդրել է Արգենտինայի նախագահին հեշտացնել թույլտվության տրամադրման գործընթացն իր նախագծին, որն իրականացվում է Բուենոս Այրեսում: Թրամփի դուստրը՝ Իվանկան, վերջերս ներկա էր նաև Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հանդիպմանը: Ամերիկյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Թրամփն իրականացնում է բիզնես ծրագրեր Ճապոնիայում և Իվանկան պատահական չէ, որ գտնվել է այդ հադիպմանը:
Սակայն մեզ ավելի հետաքրքիր են Ադրբեջանի և Թրամփի «փոխհարաբերությունները», քանի որ մինչ այժմ բոլորս գիտեիք Թրամփի և Բաքվի համատեղ ՄԵԿ ծրագրի մասին՝ Trump International Hotel & Tower Baku-ի, որից Թրամփը տարեկան վաստակում է 2-2, 5 միլիոն դոլլար: Բաքվի բռնապետի և Թրամփի ընտանիքի միջև միջնորդ է հանդիսանում Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդին՝ Անար Մամեդովը, ով հիմնականում բնակվում է ԱՄՆ-ում և այնտեղ է «լվանում» ոչ միայն իր հոր, այլև Ալիևների ընտանիքի միլիարդները: Անար Մամեդովը նաև ԱՄՆ-ում զբաղվում է Ադրբեջանի լոբբիզմով և աչքի է ընկնում բավական ակտիվ հակահայ գործունեությամբ: Նա հպարտանում է իր մտերմությամբ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ, ով հիմա զբաղվում է Դոնալդ Թրամփի բիզնես-կայսրության գործերով: Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև տեղեկատվական արտահոսք են կազմակերպել, ըստ որի՝ Անարը հրավիրված է Դ.Թրամփի երդմնակալությանը:
Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում քարոզարշավի ժամանակ Հանրապետական կուսակցության թեկնածու Դ.Թրամփը, փորձելով թաքցնել իր և բռնապետական Ադրբեջանի միջև կապը, հրահանգել էր իր ընկերության պաշտոնական էջից (trump.com) հեռացնել «Trump International Hotel & Tower Baku» պրոյեկտի մասին տեղեկությունը:
Հետաքրքիր է, թե որոնք են մյուս 4 ձեռնարկությունները, որոնց մասին ակնարկում է The Washington Post- ը, սակայն ոչ ոք դրանց մասին ԴԵՌ չգիտի: Պարզվում է՝ Թրամփ-Ալիև կապն ավելի «խորն» է, քան եզրակացնում էինք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել