Image result for հհկԿամա, թե ակամա, այնպես է ստացվել, որ մեր երկրում իշխանության գլխավոր լոկոմոտիվի դերն է ստանձնել Հանրապետական կուսակցությունն. այն նաև հայաստանյան քաղաքական դաշտի ամենակայացած և ամենակարող սուբյեկտն է: Միևնույն ժամանակ, օբյեկտիվորեն պետք է փաստել, որ այս կուսակցությունն, անկախ այն հանգամանքից, թե իշխանության համակարգի որ բևեռում կգտնվի, ցանկացած ձևաչափով դեռ տևական ժամանակ առանցքային դերակատարություն է ունենալու ներհայաստանյան գործընթացներում:

Այս քաղաքական ուժի հետ կապված մեր հասարակության մեջ առկա խիստ տարբեր և իրարամերժ մոտեցումների պարագայում և, այս համատեքստում, կուսակցության ներսում հռչակված փոփոխությունների գործընթացի շեմին ՀՀԿ 16-րդ համագումարում իր կուսակցական գործընկերներին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց 7 սկզբունքներ, որոնք յուրօրինակ չափորոշիչներ պետք է դառնան յուրաքանչյուր հանրապետականի կուսակցական և հանրային գործունեության համար: Ավելին, ըստ իս, այդ սկզբունքները պետք է աշխատանքային ուղենիշների վերածվեն ներկուսակցական էթիկայի գործառույթներն իրականացնող մարմինների համար՝ ՀՀԿ անդամների վարքագծի հատուկ կանոններ սահմանելու, դրանց իրականացմանը հետևելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան կերպով արձագանքելու հարցում. մի երևույթ, որն, ըստ էության, բացակայել է ցայժմ: Հետևաբար, մեզանում առկա իրողությունների պարագայում այսօրեական հրամայական է նաև այս խնդրի հետ կապված մինչ այս՝ սահմանափակ անձանց որոշման տիրույթում գտնված, կուսակցության ներքին կանոնակարգը հիմնովին վերափոխելը. ի վերջո, կուսակցական լինելը, հատկապես իշխող կուսակցության անդամ լինելը մինչ այս մեզանում առավելապես դիտարկվել է որպես հնարավորությունների լայն շրջանակ, բայց ոչ բնավ՝ որպես խմբային և հասարակական պատասխանատվության պարտավորություն:

Հատկապես քաղաքական որևէ կողմնորոշում չունեցող քաղաքացիներիս մի ստվար զանգվածի համար, նաև հաշվի առնելով հայաստանյան քաղաքական դաշտում առկա դիրքային օբյեկտիվ իրողությունները, խիստ կարևոր է, հանգուցային է, ինչու ոչ՝ հասարակական պահանջ է, որ երկրում իշխող կուսակցությունում մշտապես գործեն ինքնամաքրման, ինքնակատարելագործման ինստիտուտները, քանի որ, նաև այնպես է ստացվել, որ մեր պետականության ոչ այնքան տևական ընթացքի համատեքստում, ինչպես հայ հասարակության, այնպես էլ երկրից դուրս ապրող մեր ազգակիցների մի ծանրակշիռ հատվածի շրջանում Հայաստանի իշխանությունների, նաև իշխող կուսակցության վերաբերյալ ընկալումները շատ հաճախ նույնացվում են հայրենիքի հանդեպ վերաբերմունքի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել