Բազմաթիվ քաղաքացիների դիմումների համաձայն` Ազգային Ժողովի այսօրվա նիստում այս հարցով դիմեցի կառավարությանը:
Վերջին շրջանում քաղաքացիներից ստացել եմ մի շարք դիմումներ` կապված նույնականացման քարտերի տրամադրման սահմանված ժամկետները խախտելու հետ: Օրեր շարունակ խնդիրը բուռն քննարկումների առարկա էր դարձել նաև սոցիալական ցանցերում: Բանը նրանում է, որ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված է, որ նույնականացման քարտը տրամադրվում է դիմումը տալու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվա ընթացքում, բայց կան քաղաքացիներ, ովքեր արդեն ավելի քան 2 ամիս է սպասում են, իսկ ուշացումը մեկնաբանվում է, թե նույնականացման քարտերի պատրաստման համակարգը չի աշխատում, քաղաքացիներին պատասխանում են. «Սպասեք, երբ կլինի, կտրամադրենք»: Միևնույն ժամանակ այն մարդիկ, որվքեր կատարում են վճարում 20.000 ՀՀ դրամի չափով, որպեսզի իրենց նույնականացման քարտը ստանան եռօրյա ժամկետում և առանց ավանդական բյուրոկրատական քաշքշուկի, համակարգը նրանց համար կարծես «հրաշքով» սկսում է աշխատել: Այստեղից հետևություն, որ համակարգի հետ կապված խնդիր չկա, նպատակը պարզապես քաղաքացիներից հերթական անգամ ինքնանպատակ գանձումներ անելն է, որին ոչ բոլորն են պատրաստ, մանավանդ որ քաղաքացին իրավունք ունի այն ստանալ առանց հավելյալ վճարումների` սահմանված ժամկետում:
Կցանկանայի լսել կառավարության պարզաբանումը` կապված այս խնդրի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել