Կապված վերջին օրերի իրադարձությունների հետ` համացանցում ու այլևայլ տեղեկատվական հարթակներում պարբերաբար հանդիպում եմ դասադուլերի ու դասադուլավորների հետ կապված տարբեր նյութերի, որոնք մասամբ ուռճացված են, մասամբ` քծնական, մասամբ էլ` անիրական ու ֆանտաստիկ ժանրից: Ունենալով շատ հարազատներ ու ընկերներ, ովքեր սովորում են տարբեր բուհերում` կարծում եմ յուրաքանչյուրս էլ քաջատեղյակ է այն մթնոլորտին, որ տիրում է այդ հաստատությունների պատերի ներսում, և այս պարագայում ինձ համար, համենայն դեպս, զարմանալի է տարբեր ՈՒԽ-կուսակցականների՝ երբեմն մեծամտության, հաճախ էլ` ինքնագոհության հասնող հայտարարությունները, թե բա իմացե՛ք, ժողովո՜ւրդ, դասադուլավորները մեր մատույցներում ջախջախիչ պարտություն կրեցին, մեր բարիկադներն ամենաանառիկն էին, մեր դարպասները հագեցած էին հակաբաբանային նորագույն տեխնիկայով... ու այդ ամեն ինչն ասվում է էնպիսի տոնով ու համոզվածությամբ, որ արդեն սկսում ես կասկածել, դա բո՞ւհ է, թե՞ միջնադարյան բերդաքաղաք: Բան չունեմ ասելու ու իրավունք էլ չունեմ պիտակավորելու պայքարող կողմերից և ոչ մեկին, քանի որ ապրում ենք ազատ երկրում, որտեղ յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր քայլերի համար ու ազատ է իր որոշումներում, եթե... Եթե այդ «ինքնապաշտպանություն» կոչվածը տվյալ ուսհաստատության դեկանա-դասախոսական կազմի անմիջական ուղղորդման, երբեմն էլ` անուղղակի սպառնալիքների արդյունք չէ, եթե ՈՒԽ-ն որևէ կուսակցության դուստր ձեռնարկությունը չէ. ես կխնդրեի հստակ առանձնացնել ՈՒՍԱՆՈՂ-ը որպես անհատ և ՈՒԽ-ն որպես կառույց, քանի որ ուսանողը` որպես ՀՀ քաղաքացի, կարող է և իրավունք ունի ունենալ քաղաքական հայացքներ, սակայն երբ ՈՒԽ-ն է դառնում կուսակցական ինկուբատոր, որտեղ պատրաստվում են կոնկրետ կուսակցության քաղաքական հետնորդներ, մեղմ ասած` անընդունելի է:
Եվ ուղղակի մի խնդրանք-հորդոր հետայսու գրառումներ ու հայտարարություններ անող ՈՒԽ - համալսարանականներին. ոչ վաղ անցյալում մենք էլ ենք ուսանող եղել ու շատ լավ գիտենք ու քաջածանոթ ենք բոլոր մեխանիզմներին, թե ինչպես կարելի է ազդել ուսանողի վրա` նրան այս կամ այն քայլի դրդել, կամ ինչ-որ քայլերից ետ պահել: Էնպես որ լուռ ու գոհ կազմակերպե՛ք ձեր ինքնապաշտպանական մարտերը, առավել ամրացրե՛ք ձեր անառիկ ամրոցների պատերը... բայց երբ ինքներդ ձեզ հետ մենակ եք, տվե՛ք ձեզ ընդամենը մեկ հարց. «Ինչո՞ւ ձեր շատ ու շատ հարազատներ, ընկերներ, համակուրսեցիներ այսօր մեզ հետ չեն` հայրենիքում, ինչո՞ւ և ինչպե՞ս...»:
Առո՛ղջ եղեք ու անկեղծ` գոնե ինքներդ ձեզ հետ: Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել