Մոնթեն մարդ էր, անթերի չէր, բայց ազնիվ էր, կռվում էր հայրենիքի ու հայ ժողովրդի համար: Չէր խմում, չէր ծխում: Խնջույքի սեղանին, երբ ցանկանում էր կենաց ասեր, մեկ բաժակ մածուն էր բարձրացնում: Չէր սիրում հայհոյել, երբ ցանկանում էր մեկին վիրավորել, ասում էր «դուն էշ ես»։ Երբ դիմացինը շատ էր էշ լինում, ավելացնում էր՝ «Հայրդ էլ է էշ, որ քեզ այդպիսին է մեծացրել»։

Պատերազմի ժամանակ զինվորը, առավել ևս հրամանատարը, անթերի լինել չի կարող: Մոնթեն էլ անթերի չէր: Օրինակ՝ մի անգամ իր ջոկատի քթի տակից թշնամու տանկը փախավ, ու Մոնթեի զինվորը չկարողացավ մի քանի մետրի վրա տանկը խոցել, Մոնթեն չկարողացավ զսպել զայրույթը ու սկսեց նախատել տվյալ զինվորին այդպիսի սխալ գործելու համար:

Մոնթեն նաև անտանելի ազնվություն ուներ, այդ ազնվությամբ նա նաև պատերազմում էր, չէր ընդունում սուտը անգամ թշնամու հանդեպ: Երբ հրադադար էր, Մոնթեն հրամայում է իր զորքին, որ հանկարծ չկրակեն, իսկ զինվորներից մեկը հարցնում է՝ ի՞սկ եթե իրանք կրակեն, Մոնթեն պատասխանում է՝ այդ դեպքում մարերը լացացրեք: Մարտունեցիները, երբ ցանկանում էին ասել` «Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի», փոխարենը ասում էին՝ «Մարդ պետք է մի քիչ Ավո լինի»:

Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թ.-ին Մոնթեն ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։ Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

Մոնթեն զոհվեց 1993 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում: Նրա մահվան մասին շրջանառվում են տարբեր վարկածներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական մամուլում: Ըստ պաշտոնական վարկածի՝ հունիսի 12-ին Մոնթեն ընկերների հետ հետախուզության նպատակով շրջայց էր կատարում Մարզիլի գյուղի մոտակայքում ու հենց այդ պահին էլ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է իսկական զինվոր ու հրամանատար կամ պարզապես մարտական ընկեր Ավոն:

Ծնունդդ շնորհավոր, հրամանատա՛ր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել