Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ինձ հետ զրույցում հավաստիացրեց, որ այն բոլոր փաստաթղթերը, որոնք հանրությունը պահանջել է Մաշտոցի պուրակի հետ կապված, իրենք տրամադրել են: Ավելին, նա կարծում է, որ այդ փաստաթղթերի հրապարակումից հետո կրքերը հանդարտվել են, և այլևս «խոսելու տեղ չկա»:

Բոլոր նորմալ երկրներում նման պատասխանատու պաշտոնյայի հայտարարությունը կասկածի չէր ենթարկվի, բայց քանի որ մեր հասարակությունը վերջին շրջանում բազմիցս ականատես եղավ Երևանի քաղաքապետարանի խոսքի և գործի անհամապատասխանությանը, այդ տեղեկությունը ևս հավաստի համարել չի կարելի: Դա են վկայում նաև Մաշտոցի պուրակի պաշտպանները: 

«Մեզ միայն որոշումներ են տվել,-փաստաթղթերի տրամադրման վերաբերյալ նշեց ակտիվիստ Արթուր Գրիգորյանը,- սակայն մենք շատ այլ փաստաթղթեր էինք պահանջել, այդ թվում նաև պայմանագրեր, որպեսզի հասկանանք, թե ինչ պայմաններով են կրպակատերերի հետ կնքվել այդ պայմանագրերը, ովքեր են կողմերը, ինչ ժամկետների մասին է խոսքը և այլն»:

Նրա խոսքով, իրենց չեն տրամադրվել նաև ֆինանսական հաշվետվություններ, օրինակ` «Կենտրոն կանաչապատման» գործունեության եկամուտների վերաբերյալ: «Մեզ պատասխանեցին, թե դա հանրային տեղեկատվություն չէ,- ասաց բնապահպանը,- բայց չէ՞ որ դա հանրային սեփականությանը վերաբերող փաստաթուղթ է, որը պետք է հանրությանը հասանելի լինի»:

Չմոռանանք, որ փետրվարի 23-ին Հանրային խորհրդում պուրակի հարցը քննարկելու ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ևս հայտարարեց, որ կրպակատերերի հետ կնքված պայմանագրերը պետք է բացահայտվեն, ուստի պահանջեց, որ դրանք տրամադրվեն Հանրային խորհրդին` համապատասխան հանձնաժողովում ուսումնասիրելու նպատակով: Հանրային խորհրդից տեղեկացրին, որ պահանջված փաստաթղթերն առայժմ իրենց չեն տրամադրվել:

Ի՞նչ է այդ պայմանագրերում, որ այդպես համառորեն թաքցնում են, միայն ենթադրել կարելի է. հավանաբար անուններ և տվյալներ, որոնց հրապարակումը մինչև ընտրություններ ցանկալի չէ:

Ինչ վերաբերում է պուրակի պաշտպանների կողմից պայքարը թուլացնելուն, ապա ակտիվիստ Արթուր Գրիգորյանը դա թվացյալ է համարում. «Բացարձակապես նման բան չկա,- ասաց նա,- պայքարը համակողմանիորեն գնում է բոլոր ուղղություններով՝ միջազգային, Սփյուռքի և այլն: Կազմակերպչական ներքին լուրջ գործընթաց է տեղի ունենում, բոլոր իվենթները բաց են, յուրաքանչյուրն իր կապերով, իր գաղափարներով միանում է, և այդ ամենը կոնկրետ մի կետից չի ղեկավարվում, բոլոր մասնակիցները հավասարապես ներդրում են ունենում գործընթացում»:

Պայքարը շարունակվելու է, քանի որ քաղաքապետարանը բնապահպանների պահանջներից ոչ մեկը չի կատարել: «Միակ բանը, որ իբր արվել է, այն է, որ պուրակի ձախ կողմում նախատեսված կրպակները չեն տեղադրվելու, սակայն նման մակարդակի որոշում կայացնողների նկատմամբ ընդհանրապես վստահություն չկա. եթե կարող է խախտվել օրենքը և այդ տարածքում նման կառուցապատում իրականացվել, ապա ոչ ոք երաշխիք չունի, որ վաղը, երբ իրավիճակը մի քիչ խախանդվի, իրենց ուզածը չեն անի»,- կարծում է նա:

Մաշտոցի պուրակի ակտիվ պաշտպանը, սակայն, չի ուզում քննարկել դեռևս չտեղադրված կրպակների հարցը, քանի դեռ «օրակարգում» տեղադրված կրպակների հարցն է. «Մենք չենք համակերպվել տեղադրված կրպակների հետ, որ հիմա էլ պայքարենք մյուս կողմում տեղադրել-չտեղադրելու դեմ,- ասաց նա,- մենք երկարատև, համառ պայքար ենք շարունակելու` պահանջելով, որ տեղադրված կրպակներն ապամոնտաժվեն»:

Շարունակությունն՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել