Image result for politicsԽոշոր ձկների պարադոքսը

Պարադոքսալ երևույթներ հանրային-քաղաքական հարթակում միշտ էլ եղել են: Նամանավանդ մանիպուլիացիայի պակաս չունեցող այս ոլորտում հանրության ուշադրությունը միշտ էլ համակարգելու փորձեր արվել են: Ռացիոնալ դատողությունները հաճախ պարտվում են շեղող մտքերին, երբ խոսքը գնում է հանրային հնչեղության հարցերի մասին:

ՀՀ-ն, բոլորս գիտենք, ամենազարգացած երկիրը չէ աշխարհում: Ճնշող մեծամասնության համար ակնհայտ բծեր ու խնդիրներ կան մեր պետության կառավարման ոլորտում: Առանց անուններ տալու էլ մեզ պեզ փոքր հանրապետությունում կարելի է փաստել, որ «անցանկալի խոշոր ձկների» պակաս չկա: Այնուամենայնիվ հանրային արձագանքի ռեսուրսն անսահմանափակ չէ, և ժողովուրդը մշտապես չի կարող ուշադրության կենտրոնում պահել բոլոր ակնառու հարցերը: Ցավոք, սրա մասին լավ տեղյակ են նաև խոշորները:

Վերջին շրջանում կարծես մոդա է. սուր քննադատության են ենթարկվում այսինչ կառույցի, այնինչ ենթաբաժնի պատասխանատուները, 15 ընտանքիներից բաղկացած Վերին Հեռվաշեն համայնքի ղեկավարը… Այս շարքը կարելի է անսպառ թվել:

Գիտեք, սուր հանրային քննադատությունը օգտակար է, և անկախ տրամաչափից՝ ցանկացած պատասխանատու անձ պետք է զգոն լինի, բայց հարց է առաջանում` ում է ձեռնտու, երբ շնաձկներին անտեսելով՝ հանրային ուշադրությւոնը կենտրոնացվում է մանր ու միջին ձկների վրա:

Այս երևույթը թերևս կարելի է անվանել «խոշոր ձկների պարադոքս», քանզի բոլորին ակնհայտ դեմքերն ու փաստերն ամեն անգամ ժամանակավորապես մոռացվում են, ռացիոնալությանը փոխարինում է հուզականությունն ու պաթոսը, երբ տեղեկատվության սնուցման աղբյուրները խայծ են առաջարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել