Image result for զինվորԵս ասել եմ ու կասեմ՝ բանակում հիմնական խնդիրը վատ ուտելիքը չէ, զինվորը ցանկացած ուտելիքի սովորում է ու ժամանակի ընթացքում սկսում հաճույքով ուտել։
Բանակում խնդիրը նաև զինվորական կոշտ ու կոպիտ բածինկան չէ, ոտքը դրան էլ է սովորում, ոչ էլ սինթետիկ ձեռնոցները, որոնք ավելի շատ սառեցնում են ձեռքերը, քան տաքացնում, ոչ էլ սպիտակեղենի քչությունը, որը լրացվում է տանից ուղարկված տուլիկներով:
Բանակում խնդիրը տանից-տեղից, ծնողներից հեռու լինելը չէ: Կարոտը հաղթահարելի է, երբ գիտես, որ ամեն ինչ ժամանակավոր է:
Բանակում խնդիրը մարտական հերթապահությունը ու անքուն գիշերները չեն, ոչ էլ առաջնագծում առջևում կանգնած թշնամին: Միասին, մարտական ընկերներով կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն ու վախ: Միասնականության զգացումը, գիտակցումը, որ կողքիդ զինվոր-տղերք կան, որոնք նույն բեռն են քաշում, նույն հալի են, նույն խնդիրն ունեն, ինչ դու, անասելի ուժ է տալիս, ու այդ ուժով սարեր էլ կշարժես, թշնամու դեմը մարտական հերթապահություն էլ կտանես, անքուն գիշերներ էլ կլուսացնես: Իզուր չեն ասում, որ մենակով գուցե 2 հոգու դեմ էլ չկարողանաս, բայց 2 հոգով 100-ի դեմ էլ կգնաս:
Բանակում հիմնական, միակ, դեռևս անբուժելի, անհաղթահարելի ու լուրջ խնդիրը գողական բարքերն են, միայն գողական բարքերը և ոչինչ՝ բացի գողական բարքերից:
Գողական բարքերն են, որ ներխուժել են Բանակ, արմատավորվել, ու դուրս չեն գալիս, քաղցկեղի նման ներսից բռնել են զորամասերը, կազարմաները ու հյուծում են կարգապահությունը, միջանձնային հարաբերությունները, ծառայությունը դարձնում մղձավանջ, ոմանց համար` նույնիսկ դժոխք:
Գողական բարքերի պատճառով է, որ ցանկացած նորակոչիկ, զինկոմիսարիատից ծանուցում ստանալուց միկրոինֆարկտ է ստանում ու անմիջապես վազում արդեն ծառայած ավագ ընկերների մոտ, որ բանակ գնալուց առաջ գողական բարքերի, հարց ու պատասխանի լիկբեզ անցկացնեն հետը, որ գնա ու «հանկարծ տեղում չկոդրվի, գլխից իրանը դնի» և այլ նման զըրթ ու զիբիլներ:
Ու քանի Բանակում գողական բարքերը մնացին, քանի եղան մաքրության, անկյունում քնելու, առաջին-երկրորդ յարուս քնելու, մալադոյ-հին ծառայող-ձեդավշինա թեմաները, Բանակում միշտ էլ միմյանց ծեծելու, խեղելու, վնասելու դեպքեր են լինելու:
Գողական բարքերը Բանակի հիմնական խնդիրն են, մնացածը խնդիր չի, իսկ խնդիր սարքողները ուղղակի խորությամբ չեն տիրապետում խնդրին: Ով ծառայել ա, ով զորանոցային կյանքով ապրել ա թեկուզ մի քանի օր, կփաստի, որ դա իսկապես այդպես ա:
Երբ գողական բարքերը արմատախիլ արվեցին բանակից, Բանակում ծառայելը կդառնա երազանք ու ցանկություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել