Image result for rationalՄեր շատ «քաղաքացիների» ծուլությունն անընդունելի է ճգնաժամային այս երկարաձգվող ժամանակահատվածում

Կարոն մեր «դաչայի» կողքը շինարարական տնակում ապրող մի մարդ է: Կլինի մի 50-52 տարեկան: Հավանաբար անտուն է: Որպես անհատ՝ ադեկվատ է, ունի «սլեսար»-ի հմտություններ, փայուն խոսում է ռուսերեն (ըստ իր պատմությունների՝ Ռուսաստանում է ապրել տարիներ շարունակ), ունի հումորի զգացում, ինչ-որ առումով տեղեկացված է աշխարհի անցուդարձից: Կարոն ապրում է մենակ: Հազվադեպ կողքի դաչաների մարդկանց համար մանր-մունր գործեր է անում, կոպեկներ աշխատում: Մեկ-մեկ իջնում է գետ, ձուկ բռնում: Մենք ենք մեկ-մեկ իրեն ինչ-որ սնունդ, հագուստ փոխանցում, որը ամոթով ու դժվարությամբ ընդունում է: Մի խոսքով՝ Կարոն ապրում է, ոնց կարողանում է:

Սակայն դժվար կյանքով ապրելով հանդերձ՝ Կարոն ծույլ է: Ինչու՞... Ասեմ: Մեր դաչաների շուրջը գրեթե բնակիչներ չկան: Տների մի մասը լրիվ լքված է, այգիները՝ նույնպես: Հավանաբար մարդկանց մի մասը լիովին հրաժարվել են իրենց առանձնատներից, մյուս մասն այլևս Հայաստանում չէ: Իսկ դա ի՞նչ է նշանակում. որ այգիներում անսահման քանակությամբ չորացած վառելիք կա ձմեռվա համար, որը գրեթե երբեք «մեր» Կարոն չի հավաքում: Կարոն չի հավաքում նաև Հայաստանից բացակայող ու անտերության մատնված այգիների պտուղները, բերքը: Կաչաղակները, ինչպես նաև գյուղի երեխեքն են գալիս հավաքում, տանում. մի զգալի մասն էլ թափվում է, փչանում: Նա անգամ իր հողամասի հարակից տարածքում իր կարքիների համար որևէ բանջարեղեն չի աճեցնում, չնայած որ ջրի խնդիր չունի, սակայն բանջարեղենի կարիք ունի: Մեծ հաշվով՝ ինքը գիտի, թե ինչպես է ապրում կամ ինչ է անում:

Սակայն, եթե հարցին նայենք առավել լայն, ախր մեր շրջապատում շատ կան «մեր Կարոյի» նմանները: Մի քիչ ավելի կամ պակաս ծույլ, սակայն նրանք բազմաթիվ են: Դիցուք՝ շինարարին (լամինատ խփող) կանչում ես, որ գա, գործ անի ու մեկ օրվա մեջ 24 հազար դրամ աշխատի, սկսում է «նազ ու տուզ» անել, կարծես դու իրեն պետք է խնդրես, որ գա գործ անի ու գումար վաստակի: Մինչդեռ մեկ օրում այդքան գումար վաստակելը վատ չէ ամենևին: Մի հարյուր այլ օրինակ էլ կարող եմ բերել: Ինչևէ...

Այսօր հեշտ չի կյանքը, աշխատանք «չկա», սակայն եղած աշխատանքի հարցում էլ մենք այնքան ենք ծուլացել, որ դա վտանգավոր է: «Լոդրիզացիան», որ մեզանում բույն է դրել, վտանգավոր է շատ ու անտարբերության ամենավառ դրսորում է: Այս վտանգավոր հիվանդությունն անցել է երիտասարդներին ու հատկապես ուսանողներին: Մենք կամ մեզանից շատերը կառավարությանը, օրենքին, հարևան երկրներին և ամբողջ աշխարհին այսօր կարող ենք մեղադրել, թե վիճակը վատ է, կան սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն երբ նրանց համար գործ ես ման գալիս ու գտնում, առաջարկում, սկսում են պատճառներ ման գալ հրաժարվելու համար: Այն պարագայում անգամ, երբ ապրուստի այլ միջոց հավանաբար չունեն...

Մեր թվացյալ ռացիոնալ մտածողությունը երևի պետք է փոխել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել