Image result for զինվորՀավանաբար պետք է փոխել մեր ու զինվորի՝ ծառայության գնալու հոգեբանությունն ու անհրաժեշտության գիտակցումը

Բանակ գնալ պատրաստվող կամ արդեն ժամկետային ծառայող երիտասարդներից զինվորական ծառայության վերաբերյալ հաճախ ենք լսում հետևյալ ձևակերպումը. «Դե երկու տարի ա էլի, կծառայենք, կանցնի կգնա էլի...»: Շատերն են լսել նման ձևակերպում, շատերն են նման արտահայտություն արել: Շատերը, սակայն, դրան առանձնահատուկ որևէ կերպ չեն վերաբերվել, մինչդեռ դա շատ կարևոր ու հաճախ բավական վտանգավոր բովանդակության կրող ձևակերպում է:

Նման արտահայտությունը, բացի նրանից, որ ֆիքսում է մեր ու ծառայողի վերաբերմունքը ծառայության նկատմամբ առհասարակ, այն նաև իրավիճակ է ստեղծում, երբ բոլորը մի տեսակ «ցավակցական» ընկալմամբ են վերաբերվում երևույթին՝ դիտելով այն որպես անխուսափելի «չարիք» (ի դեպ, վերջին շրջանում որոշակի դրական փոփոխություններ, այնուամենայնիվ, կան այս մասով):

Այստեղ, իհարկե, հազար պատճառ ու հանգամանք կա, որ վերաբերմունքն այսպիսին է: «Օդից» ոչինչ չի լինում: Պատճառները շատ են. բանակի մասին իրական/կեղծ տեղեկատվությունը, բամբասանքներ, քարոզչություն/հակաքարոզչություն, ԶԼՄ-ների օբյեկտիվ ու երբեմն էլ խիստ սուբյեկտիվ/կեղծ տեղեկատվության տարածում, պատերազմի գործոն, փողոցային բարքեր ու բանակային առօրեայի վերաբերյալ ավագ ծառայողների՝ փորձի փոխանակման «դասեր», սպայի նկատմամբ ապրիորի վերաբերմունք, դպրոցի ռազմագիտական դասընթացների քիչ օգտակարություն և այլն: Մի խոսքով՝ հազար ու մի բան:

Երբ զինծառայությունից վերադարձած, կայացած ու սթափ զինվորի հետ խոսում ես ծառայության խնդիրներից, առաջիններից մեկը, որ նշում է, զինծառայության նկատմամբ շատ-շատ զինվորների (ու նաև որոշ սպաների) վերաբերմունքն է, անլրջությունը, որը երբեմն հանգեցնում է ճակատագրական հետևանքերի: Հավանաբար հենց ընկալումն է պետք փոխել ու շոշափելի փաստերով ապացուցել ծառայության գնացող նորակոչիկի ծնողներին ու հենց նրան, որ ինքը ոչ միայն ուղղակի պետք է ծառայի, ուղղակի «վատնի» իր կյանքի զինծառայության «730 օրը», այլ լուծի թերևս իր ու պետության փոխհարաբերությունների ամենից կարևոր՝ պետության ռազմական անվտանգության խնդիրը: Ծառայություն, որի ժամանակ ոչ թե պետք է ժամանակ վատնի, այլ ամեն րոպեն օգտագործի իր համար հմտություն ձեռք բերելու, առավել խելամիտ ու զգուշավոր, մտածող լինելու վրա: «Էնքան որ ծառայեցինք, եկանք» ձևակերպումը պետք է բնաջնջել, քանզի անլրջացնում է պետության անվտանգության ապահովման մեր պարտավորվածության նկատմամբ վերաբերմունքը:

«Ուղղակի ծառայել»-ը այլևս պետք է ոչ բավարար լինի... Զինծառայողը բանակից պետք է կոնկրետ ձեռքբերումներով վերադառնա, իսկ զինծառայությունը պետք է դառնա մրցունակության կարևոր գործոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել