Related imageԱյս տարվա հուլիսի կեսերին Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում սկիզբ առած հաշվեհարդարի, ձերբակալությունների ալիքը տարածվեց տասնյակ հազարավոր մարդկանց վրա: Ինչ խոսք, պատեհ առիթը Թուրքիայում գործող վարչակարգի կողմից առաջին հերթին օգտագործվեց սեփական քաղաքական շահերի առարկայացման նպատակով՝ հարվածի առաջնային թիրախ դարձնելով նախ և առաջ Ռ. Թ. Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին, ինչպես նաև, բնականաբար, ընդդիմադիր քրդական քաղաքական ուժերի ներկայացուցիչներին:

Մինչդեռ հաշվեհարդարի այս գործընթացն իր ծավալներով և առանձին դրսևորումներով ակնհայտորեն մառազմատիկ բնույթ է կրում: Որպես վերոնշյալի հավաստում՝ կարելի է դիտարկել դրա ամենավերջին օրինակը: Սիրիական և թուրքական մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել առ այն, որ թուրքական իշխանություններն իրավապահ մարմիններին արտոնել են ձերբակալել երկրում ահաբեկչական ճանաչված «Քրդական բանվորական կուսակցության» 48 անդամների: Սակայն ամենաուշագրավ իրողությունն այն է, որ նշված անձանց շարքում ներառվել է նաև Սիրիայում գործող քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության (Անկարան այս կառույցը դիտարկում է՝ որպես ՔԲԿ-ի սիրիական ճյուղավորում) համանախագահ Սալիհ Մուսլիմը. նա մեղադրվում է ընթացիկ տարվա փետրվարին Անկարայում իրականացված ահաբեկչական հարձակումը կազմակերպելու մեջ, որին զոհ էր գնացել ավելի քան 3 տասնյակ մարդ:

Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունների նման գործողությունները կարելի է դիտարկել նաև այն հարթության տիրույթում, որ առնվազն ներթուրքական իրավական դաշտում հիմքեր են ստեղծվում երկրի զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության շրջանակներում և «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարի քողի ներքո Սիրիայում «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG, «Դեմոկրատական միության» ռազմական թևը) դեմ իրականացվող՝ իրականում շատ ավելի թիրախային և զանգվածային գործողությունների իրավական հիմնավորումն ապահովելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել