Ինքս էլ դժգոհ լինելով ընտրությունների արդյունքներից՝ մասնավորապես կիրառված ընտրախախտումներից ու դրսևորած բեսպրեդելից, չեմ կարող չասել, որ որոշ լրատվամիջոցներ արդեն անցել են ֆանտասմոգոնիայի ու Ավստրալիաներ հայտնագործելուն։ Այսպես, «Հրապարակը», երևի փորձելով սենսացիա մոգոնել չեղած տեղից, մեջբերում է Գեղարքունիքի մարզպետի հայտարարությունը, որ նա արել է մարզպետարանի խորհրդակցության ժամանակ.

«Անդրադառնալով մարզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տված բարձր քվեներին՝ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներին եւ այլոց, ովքեր աշխատել եւ ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել՝ ընտրությունների ընթացքում ապահովելով նման ցուցանիշ»: 

(Գեղարքունիքում Սերժը մոտ 5 անգամ ավելի շատ ձայն էր հավաքել քան Րաֆֆին)

Հաջորդիվ, թերթը սկսում է արդեն հեքիաթասացության ժանրին դիմել՝ հայտարարելով, որ սա իրականում ինքնախոստովանական ցուցմունք է եւ միաժամանակ հաղորդում հանցագործության մասին, որովհետև մարզպետը հայտարարում է, որ մարզի ողջ վարչական ռեսուրսը ծառայեցվել է Սերժ Սարգսյանին, եւ հենց դրա համար է շնորհակալ, այլ ոչ թե սահուն, ապահով, անցնցում ընտրություն կազմակերպելու։

Երևի թե պետք է իմաց տանք «Հրապարակի» արդարության մարտիկներին, «ովքեր աշխատել եւ ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել» արտահայտության մեջ ոչ մի հանցավոր բան դեռ չկա, եթե խոսքը գնում է զուտ քարոզչական աշխատանքների մասին, քանզի նախընտրական շտաբերի ու այս կամ այն թեկնածուների համակիրների գործառույթներից մեկն էլ նախընտրական քարոզարշավների ժամանակ համապատասխան աշխատանքների իրականացումն է։ Ուրիշ հարց, եթե մարզպետը հայտարարեր, որ էսինչ-էսինչ մարմիններն ու կազմակերպությունները, խմբերն ու անհատները ասենք ընտրակաշառք են բաժանել կամ լցոնումներ են իրականացրել, ինչի համար շնորհակալություն է հայտնում... Այ դա կլիներ արդեն հաղորդում հանցագործության մասին, իսկ հիմա թերթը պարզապես իր ենթադրություններն է հրամցնում, որպես անհերքելի փաստ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել