featured

20-րդ դարի մեծագույն քաղաքական գաղափարներից մեկի՝ խաղաղ անհնազանդության հիմնադիր Գանդին ասում էր. «Ոմանք ասում են, որ բանտը դղյակ է, ոմանց համար էլ այն գեղեցիկ պարտեզ է: Կան նաև այնպիսինները, ովքեր հավատում են, որ բանտի միջոցով մենք կանցնենք բռնաճնշումներից դեպի ազատություն տանող ճանապարհը»:

20-րդ դարի ընթացքում բազմաթիվ ժողովուրդներ բռնաճնշումների և բանտարկությունների միջոցով կարողացան ձեռք բերել իրենց բաղձալի ազատությունը: Բացառություն չէր նաև Դանիան: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Դանիան չեզոք կողմ էր: Այնուամենայնիվ, դա չխանգարեց Գերմանիային օկուպացնել Դանիան: 1940թ. ապրիլի 9-ի առավոտյան գերմանական կողմն օդից, ցամաքից և ծովից հարձակում իրականացրեց, սակայն միայն Դանիայի հարավում դիմադրության հանդիպեց: Այդ ժամանակ դանիական զորքերը զենքերը վայր դնելու հրաման էին ստացել: Բնակիչները չէին հավատում իրենց աչքերին: Գերմանացիներն առանց գեթ մեկ կրակոցի գրավեցին դանիական Գլխավոր շտաբի շենքը: Շփոթված և տարակուսած բնակիչների համար գերմանացիները հատուկ քարոզչական թղթեր էին պատրաստել, որտեղ գրված էր, որ իրենք «դանիացիների բարեկամներն են»: Գերմանացիները խոստանում էին, որ երկիրը նախկինի պես կառավարվելու էր դանիական կառավարության կողմից դանիական օրենքներով:

Իրականությունը, սակայն, այլ էր: Հիտլերը Դանիան օկուպացրեց ընդամենը 6 ժամվա ընթացքում: Նույն օրը երեկոյան վարչապետ Տոլվարդ Ստաունինը դիմեց կառավարությանը՝ գերմանական օկուպացիան ընդունելու համար: Ստաունինի որդու խոսքով՝ վարչապետն այդպես վարվեց, քանի որ գերմանացիները հակառակ պարագայում հողին կհավասարեցնեին Կոպենհագենը: Զինված դիմադրության պարագայում պարտությունն անխուսափելի էր, և կառավարությունը որոշեց զինված դիմադրություն ցույց չտալ, փոխարենը պայքարի այլ տարբերակներ ընտրել: Նրանք ընտրեցին խաղաղ անհնազանդության գործիքաշարերից մեկի՝ «պասիվ դիմադրության» մեթոդը: Վերջինս իրենից ենթադրում էր հետևյալը. գերմանացիներն օրինագծեր էին ներկայացնում, իսկ դանիական կառավարությունը ժամանակ ձգելու համար ցույց էր տալիս, թե իբր աշխատում է, սակայն, իրականում ոչինչ էլ չէր արվում: Գերմանական օրինագծերը երկարատև քննարկումների էին ենթարկվում, իսկ հնարավորության դեպքում՝ մերժվում: Դա բավականին արդյունավետ միջոց էր, որի շնորհիվ հնարավոր էր դանդաղ, բայց արդյունավետ սաբոտաժի ենթարկել գերմանացիների ծրագրերը:

Սա դիմադրության արտաքին կողմն էր, իսկ ներքուստ կառավարության անդամներն ավելի լայն դիմադրության էին պատրաստվում: Հետագայում իրավիճակը ցույց տվեց, որ կառավարության մարտավարությունը դանիացիների սրտով չէր: Մարդիկ ավելի ակտիվ գործողություններ էին պահանջում: Մարդկանց արժանապատվությունը ոտնահարված էր: Ուստի, դանիացիները սկսեցին ինքնակազմակերպվել: Ամեն շաբաթ նրանք հավաքվում էին Կոպենհագենի այգիներից մեկում և երգում պետական հիմնը: Դա յուրահատուկ դիմադրության ձև էր: Այդ ժամանակ երկրի արտգործնախարարն Էրիկ Սկավենյուսն էր, որը, շատերի կարծիքով, գերմանամետ ուղղվածություն ուներ: Շատերը վերջինիս կշտամբում էին՝ նշելով, որ կառավարության քաղաքականությունը դանիացիների սրտով չէ: Սկավենյուսը հակառակվում էր՝ նշելով, որ ավելի ակտիվ գործողությունների պարագայում իրենց բոլորին կոչնչացնեն: Գերմանացիների կողմից ճնշումը նվազեցնելու համար Սկավենյուսը ժամանեց Բեռլին, որտեղ մի պայմանագիր ստորագրեց: Սա արդեն վերջին կաթիլն էր: Ուսանողները դուրս եկան փողոցներ: Ոստիկանությունը միայն 5 օր անց կարողացավ իրավիճակի վերահսկողությունն իր ձեռքը վերցնել: Ընդհատակում գործող դիմադրության օջախները չէին ընդունում կառավարության կողմից մարտավարական նկատառումներից բխող համագործակցությունը գերմանացիների հետ:

Այդ ժամանակ ընդհատակում բազմաթիվ թռուցիկներ էին հրատարակվում, որոնց տպաքանակը հասնում էր 2.5 միլիոնի: Ընդհատակյա հրատարակչություններն ամեն կերպ դիմադրության կոչեր էին հասցեագրում քաղաքացիներին: Պայքարող խմբերը փոքրիկ դիվերսիաներ էին կազմակերպում. կա՛մ հրդեհում էին գերմանական օբյեկտները, կա՛մ էլ գողանում նրանց ռազմական պահոցներում առկա զենքերը: Այդ ամենը կատարվում էր փոքրիկ դպրոցականների խմբերի կողմից: Նրանք նշում էին, որ եթե մեծահասակները ոչինչ չեն ձեռնարկում, ապա իրենց հերթն է գործելու: Գերմանացիները փորձում էին կարգուկանոն հաստատել, սակայն ապարդյուն:

1941թ. նոյեմբերին Դանիայի տեղապահ է նշանակվում գեներալ Վերնար Բեսթը: Հիտլերը նրան կարգադրել էր «Երկաթե ձեռքով» կառավարել երկիրը: Բեսթն անմիջապես սկսում է ճնշումներ գործադրել նոր վարչապետ Սկավենյուսի կառավարության վրա: Այդ շրջանում Սկավենյուսի վարկանիշն էականորեն ընկել էր:

1943թ. գարնանը լրանում էր Դանիայի օկուպացիայի երրորդ տարին: Դանիական կառավարությունը շարունակում էր թվացյալ համագործակցությունը, իսկ երկրում առկա շարժումն ավելի ու ավելի էր թափ հավաքում: Պայքարող խմբերն օրվա ընթացքում իրենց գործողություններով խաթարում էին երկրի բնականոն կյանքը, իսկ գիշերները պայթեցում գերմանական ռազմական օբյեկտները և երկաթգծերը: Դրանով պարալիզացվում էր գերմանական զորքի ռազմական և պարենային մատակարարումը:

Ամռանը գերմանական զորքի պարտությունների մասին նորություններն էլ ավելի ոգեշնչեցին դիմադրության խմբերին: Մարզային քաղաքներում համատարած գործադուլներ սկսեցին, որոնք կարճ ժամանակում լայն թափ հավաքեցին: Մարդիկ ավելի ու ավելի համաձակ էին դառնում իրենց դիրքորոշումը հայտնելու հարցում: Հսկայական տեմպերով աճել էր գերմանական զորքերի նկատմամբ դիվերսիաների քանակը: Նավաշինարանի աշխատակիցներից մեկը նշում էր, որ իրենք միտումնավոր դանդաղ էին աշխատում: Գերմանական կողմը պատվիրում էր նավեր կառուցել, իսկ նավաշինարանի աշխատակիցները միտումնավոր ուշացնում էին պատվերի վերջնական իրագործումը: Սաբոտաժը համընդհանուր էր և բոլոր ոլորտներում էր գործում: Գերմանական կողմը, տեսնելով, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, 1943թ. օգոստոսի 28-ին վերջնագիր է ներկայացնում դանիական կառավարությանը, որի համաձայն՝ իշխանությունը պետք է արգելեր զանգվածային միջոցառումների և գործադուլների իրականացումը, ինչպես նաև պետք է մահապատժի ենթարկեր շարժման կազմակերպիչներին: Կառավարությունը շուրջ 6 ժամ տևած քննարկումներից հետո հայտարարեց, որ չի կարող ընդունել ներկայացված վերջնագիրը: Կառավարությունը հրաժարական տվեց: Երկիրն անցավ գերմանական կառավարման տակ: Դրանից հաջողվել էր խուսափել անցնող 3 տարիների ընթացքում:

Գերմանական զորքերը գրավեցին Կոպենհագենի կարևոր ստրատեգիական կետերը: Փողոցներում գերմանացի զինվորները խեղդում էին հավաքի յուրաքանչյուր փորձ: Արգելված էր 5 հոգուց ավել մեկ վայրում կուտակվել: Երկրորդ հարվածը տեղի ունեցավ մի քանի շաբաթ անց: Հիտլերի հրամանով Դանիայում մտցվեցին գերմանական ռասսայական խտրականության օրենքները: Վտանգի տակ հայտնվեցին Դանիայում ապրող հրեաները: Գերմանական Գեստապոն Դանիայում բնակվող 7 հազար հրեայի տվյալներ ուներ: Բարեբախտաբար, դանիացիները կարողացան զգուշացնել հրեաներին սպասվող վտանգի մասին, և գերմանացիների ծրագրերը ձախողվեցին: Հոտեմբերի 1-ի գիշերը Գեստապոն սկսում է հատուկ գործողություն իրականացնել, սակայն դանիացիները հասցնում են թաքցնել հրեաներին իրենց տների նկուղներում և եկեղեցիներում: Հրեաների զգալի մասը դանիացի ձկնորսների շնորհիվ կարողացավ անցնել նեղուցը և հայտնվել Շվեդիայում:

Հազարավոր հրեաների փրկությունն էլ ավելի ոգենշնչեց դիմադրության շարժման մասնակիցներին: 1943 թվականի նոյեմբերին «Ազատության խորհուրդ» անունը կրող դիմադրության կենտրոններից մեկը «Դիմադրության մանիֆեստ» հրապարակեց, որտեղ կոչ էր արվում պայքարել օկուպանտների դեմ:

Դիմադրության շարժմանն օգնում էին նաև դաշնակիցները: Անգլիացի օդաչուները թռիչքների ժամանակ զենք զինամթերք էին նետում ինքնաթիռներից: Դիմադրության շարժման մասնակիցները շարունակում էին պայթեցնել գերմանական ռազմական օբյեկտները: Դրան ի պատասխան՝ գերմանացիները սաստկացնում էին բռնաճնշումները: Ռմբակոծվում է մայրաքաղաք Կոպենհագենը: 1944թ. հունիսին գերմանացիներն արտակարգ դրություն են հայտարարում: Դրան ի պատասխան՝ նավաշինարանի աշխատակիցները միտումնավոր էլ ավելի են պարալիզացնում աշխատանքները: Նրանք իրենց աշխատանքային ժամի ավարտից ավելի վաղ են տուն գնում՝ պատճառաբանելով, որ գիշերն արտակարգ դրության պայմաններում չեն կարող մշակել իրենց այգիները: Իրականում, դա պատճառ էր քաղաքացիական անհնազանդություն անելու համար: Շարժումը թափ էր հավաքում: Յուրաքանչյուր օր հազարավոր մարդիկ աշխատանքի վայրը շուտ էին լքում և երեկոյան ցույցեր կազմակերպում: Առաջին իսկ օրը գերմանացիների կողմից սպանվեց 6 ցուցարար: Դրան հետևեց ցուցարարների պատասխանը: Մարդիկ ընդհանրապես հրաժարվեցին աշխատանքի գնալ: Վերնար Բեսթը դիմեց ծայրահեղ քայլերի: Քաղաքում անջատվեց ջրամատակարարումը և գազամատակարարումը: Դրան ի պատասխան՝ մարդիկ խարույկների վրա էին կերակուր պատրաստում, իսկ ջուրը վերցնում էին լճից: Դիմադրության կազմակերպիչ «Ազատության խորհուրդը» հայտարարեց, որ գործադուլը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև դադարեցվի արտակարգ դրությունը և գնդակահարությունները: Գործընթացի 9-րդ օրը Բեսթը հանձնվեց: Վերացվեց արտակարգ դրությունը, իսկ շարժումն իր հերթին դադարեցրեց գործադուլը: Հաջորդ ամիսներին շարժումը կազմակերպում էր խորհրդանշական գործադուլներ, որոնց ժամանակ մարդիկ երկու րոպեով դադարեցնում էին իրենց աշխատանքը: Այդ պահին Կոպենհագենով երկու րոպեով կանգ էր առնում ամեն ինչ, նույնիսկ հասարակական տրանսպորտը: Շարժումը հմուտ ռազմավարության և խաղաղ անհնազանդության շնորհիվ կարողացավ դիմադրել գերմանական օկուպանտներին մինչև 1945թ. մայիսի Գերմանիայի կապիտուլյացիան:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել