Image result for украина-азербайджанՈւկրաինական «Антонов» ավիահամալիրի գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան Կիևից տեղափոխվել է Բաքու, որտեղ զբաղվելու է ադրբեջանական ավիացիոն արդյունաբերության զարգացմամբ։ Rambler News Service–ի հետ զրույցում Կիվան հաստատել է Ադրբեջան տեղափոխվելու մասին լուրը։

Կիվան զբաղվել է ռազմա–տրանսպորտային Ан-178, Ан-70 և այլ ինքնաթիռների արտադրությամբ։
Այս լուրը հատկանշական է, եթե հաշվի առնենք մինչ այդ ԶԼՄ–ներում տարածված այն տեղեկությունները, որ Ուկրաինայի ու Ադրբեջանի միջև կնքվել է Ան ռազմա-տրանսպորտային 10 ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը: Այդ ինքնաթիռները նախատեսված են զորք, զինամթերք տեղափոխելու և դեսանտ իջեցնելու համար:

Բաքուն ցանկանում է ուժեղացնել իր ավիացիան, այդ թվում ստեղծելով ռազմա–տրանսպորտային ավիացիա։ Այդ ոլորտը համակարգելու ու համապատասխան կադրեր պատրաստելու տեսանկյունից Դմիտրի Կիվայի տեղափոխությունը Բաքու տրամաբանական է։ Ուկաիանայի ու Ադրբեջանի հարաբերությունները տասնամյակներ շարունակ կրում են ռազմավարական բնույթ։

Ուկրաինան ունենալով լուրջ խնդիրներ ՌԴ-ի հետ ցանկանում է գտնել ռուսական գազից ու նավթից կախվածության թուլացման ուղիներ և Ադրբեջանը կարող է դառնալ այն երկրներից մեկը, որը թույլ կտա Կիևին Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով դուրս գալ մերձկասպյան էներգակիրներով հարուստ երկրներ՝ Ղազախստան, Թուրքմենստան, ինչպես նաև Ադրբեջանի ենթակառուցվածքներն օգտագործել իրանական նավթն ու գազը ստանալու համար:

Չմոռանանք, որ Ուկրաինան ու Ադրբեջանը միևնույն հակառուսական ուղղվածություն ունեցող ՎՈՒԱՄ կազմակերպության անդամ են: Ուկրաինան փորձելու է Ադրբեջանի տրանսպորտային միջանցքներն օգտագործել իր ապրանքները՝ ՌԴ-ը շրջանցելով Կենտրոնական Ասիա ու Չինաստան դուրս բերելու համար:

Ադրբեջանն էլ հետաքրքրված է Ուկրաինայով, որպես սպառման մեծ շուկայի, այդ թվում իր նավթի ու գազի համար, որն Ուկրաինա է արտահանվում վրացական սևծովյան նավահանգստյան հզորություններով: SOCAR-ը լայնորեն ներկայացված է ուկրաինական շուկայում իր լցակայաններով, իսկ Ուկրաինայում բնակվում է կես միլիոնի հասնող ադրբեջանական համայնքը: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ուկրաինացի վարձկանները կռվում էին Ադրբեջանի զինված ուժերի շարքերում ընդդեմ Արցախի՝ ուկրաինացիները հիմնականում օդաչուներ էին ու դիպուկահարներ:

Ադրբեջանը տարիներ շարունակ տանկեր, ուղղաթիռներ, հրետանային և այլ համակարգեր է գնում Ուկրաինայից, որը դեռևս պահպանել է խորհրդային ռազմա-արդյունաբերական ներուժը: Արդեն իսկ հասկանալի է, թե այդ զինամթերքներն ու զինատեսակները ում դեմ է օգտագործելու Ադրբեջանը:
Ուկրաինա-Ադրբեջան ռազմավարական համագործակցությունը լավ հեռանկարներ ունի։

«Укртранснефть»–ն ու «Укртатнафта»–ն վերջերս արձանագրություն են ստորագրել ադրբեջանական նավթը Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան տեղափոխելու մասին։ Ադրբեջանական նավթը փոխարինելու է ռուսական նավթին։
«Укртатнафта»–ն ցանկություն ունի 2017-2019թթ.–ին «Azeri Light» տեսակի նավթը Օդեսայով տեղափոխել Կրեմենչուգի նավթավերամշակման գործարան։ Ծավալը կազմելու է տարեկան 1,3 միլիոն տոննա։«Azeri Light» նավթի առաքումները նախատեսվում է սկսել 2017թ.–ի հունվարի մեկից։

Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը Ուկրաինայի նավթամթերքների ռազմավարական պաշարներն ապահովող օբյեկտներից մեկն է և այն բավարարում է ուկրաինական շուկայի ավելի քան 30 %–ը`օրը գործարանում մշակվում է 7000 տոննա նավթ։

Ուկրաինայում Ադրբեջանի արտակարգ ու լիազոր դեսպան Ազեր Հուդիևը հայտարարել է, որ Օդեսա–Բրոդի նավթամուղով ադրբեջանական նավթի առաքումների վերականգնումը դեպի Ուկրաինա փոխշահավետ է և այն բազմակողմ համագործակցության տարրերից մեկն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել