Image result for ՀարկայինՀարկային քաղաքականություն գումարած ստվեր

Մեր հասարակության համար առաջնային հարցերից մեկը շարունակում է մնալ երկրում վարվող հարկային քաղաքականության և ստվերի դեմ պայքարին ուղղված հարցերը, ներկայացնեմ մի քանի տարբերակներ:

Հարկաբյուջետային վերափոխումների ընթացքում հիմնական շեշտը պետք է դրվի հարկային բեռի թեթևացման և ստվերային տնտեսության ծավալների կրճատման վրա: Հարկային թույլ վարչարարության պայմաններում հարկային բեռի թեթևացումը պետք է ուղեկցվի հարկային համակարգի պարզեցմամբ, ինչը հնարավորություն կտա ուժեղացնելու հարկային վերահսկողությունը: Հարկային եկամուտների կառուցվածքում պետք է փոխվի նաև պետբյուջեի ուղղակի և անուղղակի հարկերի հարաբերակցությունը:

Տնտեսության ստվերային հատվածի կրճատման հաշվին բյուջեի եկամտային մասի
ավելացման չափերի հաշվարկը դժվարանում է հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ հանրապետությունում մինչև այժմ ստվերային տնտեսության ծավալների գնահատման ուղղությամբ համալիր միջոցառումներ չեն իրականացվում:

Այդուհանդերձ, առաջիկա ժամանակահատվածում պետբյուջեի եկամտային մասի ավելացման հիմնական աղբյուր կարող է դառնալ ստվերային տնտեսությունը, որի ծավալների կրճատմանն ուղղված միջոցառումները պետք է մի կողմից պայմանավորված լինեն հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմամբ, իսկ մյուս կողմից` օրենսդրական դաշտի կատարելագործմամբ:

Ստվերային տնտեսության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն վարչարարական մեթոդներով: Դրա համար պետք է երկրում ձևավորել այնպիսի տնտեսական միջավայր, որի պայմաններում գործող տնտեսավարող սուբյեկտները ցանկություն ունենան վճարելու հարկեր և ստանալու օրինական եկամուտներ: Այդ նպատակով անհրաժեշտ է հարկային քաղաքականության մշակման և իրականացման ժամանակ նախապատվությունը տալ հարկերի կարգավորիչ գործառույթի իրացմանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոշոր հարկատուներն ապահովում են բյուջեի հարկային մուտքերի հիմնական մասը, անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել խոշոր բիզնեսի լիարժեք և ամբողջական, իրական ծավալներով հարկմանը: Խոշոր գործարարների կողմից հարկային պարտավորությունների կատարումն էականորեն կնպաստի հարկային համակարգի կայացմանն ու զարգացմանը: Հասարակական դիտարկումները ցույց են տալիս, որ պատգամավորների, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև պետական մարմինների այլ աշխատակիցների մի ստվար զանգված իրենց հիմնական պարտավորությունների հետ իրականացնում են նաև ձեռնարկատիրական գործառույթներ:

Հ.գ. ՀՀ-ն աշխարհի խոշորագույն ստվերային տնտեսություն ունեցող երկրների մեջ 18-րդն է: Այս մասին է վկայում Bloomberg Businessweek-ը, ըստ որի՝ ՀՀ-ում ստվերային տնտեսությունը 48,7 % է: Bloomberg-ի ստվերային երկրների ցանկը գլխավորում է Վրաստանը՝ ստվերի 72.5 % ցուցանիշով: Նրան հետևում է Բոլիվիան՝ 70.7 % ստվերով: Ադրբեջանն այս ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ 69.6 %:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել