«Վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի աջակցության հիմնադրամին ֆինանսապես աջակցելը կամավոր է։ «Իրավունքի» տեղեկություններով, սակայն, Աժ-ի մի շարք աշխատակիցների՝ հավաքարարների, վարորդների աջակցությունը ոչ թե կամավոր, այլ, ինչպես ասում են, պարտադիր-կամավոր սկզբունքով է։

Ասել է թե բոլորին հրահանգվել է ամեն ամիս աշխատավարձի մեկ տոկոսը «կամավոր» փոխանցել այդ հիմնադրամին։ Ավելին՝ պատգամավորների վարորդների մի մասը միայն բանավոր են համաձայնել աջակցել, սակայն նրանց աշխատավարձից ևս պահումներ արվել են, որն էլ անակնկալի է բերել նրանց։ Տեղեկությունների իսկությունը ճշտելու համար դիմեցինք Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին։ Վերջինս ասաց. «Մեր աշխատողներն ավելի լավ մարդիկ են, քան դուք մտածում եք»։

Ինչ վերաբերում է բանավոր համաձայնությամբ աշխատավարձից պահում անելուն, Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի հավաստիացմամբ, եթե Աժ-ի աշխատակիցը դիմում չի գրել, չի կարող փոխանցում լինել։

Ի դեպ, Բաբայանը հավաստիացրեց մինչ օրս հիմնադրամից հրաժարվողներ չեն եղել։

Հիշեցնենք՝ հիմնադրամ ստեղծելու գաղափարն առաջացավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ; ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը առաջարկել էր վիրավոր և զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության համար ստեղծել հիմնադրամ։ Աժ-ի աշխատակազմի աշխատակիցները համաձայնել են իրենց աշխատավարձի մեկ տոկոսը փոխանցել հիմնադրամին, որտեղ նոյեմբերի 17-ի դրությամբ հավաքվել է 2.036.080 դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել