Related imageՄի շարք լուրջ քաղաքագետներ, վերլուծաբաններ, այդ թվում նաև՝ մեր երկրում, սխալվեցին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների կանխատեսման հարցում: Գրեթե բոլորը կանխատեսում էին Հիլարի Քլինթոնի ջախջախիչ հաղթանակը՝ Թրամփին համարելով խեղկատակ, անմակարդակ, անկիրթ, շովինիստ, կնամոլ, հակամահմեդական և տալով նման շատ ու շատ որակումներ:
Սակայն մենք՝ դիլետանտներս, կարծես ավելի ճիշտ գուշակեցինք հնարավոր հաղթանակը, և մեր կանխատեսումը ճիշտ էր:
Պատկերավոր ասած՝ ընտրություն կատարվեց բազմիցս ընթերցված, վերընթերցված գրքի, և այդ արդեն ձանձրալի գրքից հետո, ասենք, Ժյուլ Վեռնի արկածային, հետաքրքիր պատմությունների, թեկուզ նույնիսկ քչերին հայտնի «Կալկաթայի ժառանգորդը» կամ «Պրոֆեսոր Դոուելի գլուխը» գրքերի միջև:
Անընդհատ նույն ճաշատեսակի՝ անհամ, ապուշ, կեղծ ժպիտ հիշեցնող ֆաստֆուդի փոխարեն նոր և անհայտ բաղադրության՝ հետաքրքիր, սուր, կծու համեմունքներով համեմված ճաշատեսակի ընտրությամբ:
Պարզունա՞կ էր համեմատությունները։ Գուցե: Սակայն այդպիսին է մարդու հոգեկերտվածքը և ձգտումը նորի, անհայտի և նույնիսկ հնարավոր վտանգների նկատմամբ:
Թրամփի հաղթանակը հաղթանակ էր նաև ինքնասիրահարվածության, ինքնավստահության գերավելցուկի և դիմացինին խիստ պարզունակի տեղ դնելու, իրավիճակը ոչ իրատեսորեն գնահատելու ունակության նկատմամբ:
Այլ հարց է, թե ինչ կլինի Թրամփի օրոք…
Իմ կարծիքով՝ ԱՄՆ-ի պայմաններում էական ոչինչ, բայց այնուամենայնիվ կլինի… Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Եվրոպայի հետ հարաբերությունների կապակցությամբ դիմել է նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի խորհուրդներին ու օգնությանը: Եվ որքան էլ հեռացող Բարաք Օբաման իր եվրոպական «կրուիզի» ընթացքում հայտարարի, թե ամերիկյան դեմոկրատիան ավելին է, քան մեկ անձը, չպետք մոռանանք պատմության զարգացման գործում անհատների դերի և մուտացված ամերիկյան դեմոկրատիայի մասին: Այնպես որ երբեք մի՛ ասեք երբեք, ու ո՛չ ուրախանալ է պետք և ո՛չ էլ տխրել, չնայած Թրամփն իրոք էքսցենտրիկ է ու անկանխատեսելի…
Կապրենք, կտեսնենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել