Խոսքս հղում եմ ՀՀ բոլոր ուսանողներին. հարգելի՛ ուսանողներ, ես շատ ոգևորված եմ այն փաստից, որ հայ ուսանողի մեջ կա եռանդ, պայքարելու ուժ, քաջություն և կամք, սակայն շատ կցանկանայի, որ այս դրական հատկանիշներն օգտագործվեին ճիշտ ուղղությամբ, այլ ոչ թե օգտագործվեին որոշ քաղաքական ուժերի կողմից: Կցանկանայի, որպեսզի ուսանողությունը, որը պետք է համարվի հասարակության ինտելեկտուալ հատվածը, գիտակցեր իր կարևորությունը և պայքարեր ոչ թե ինչ-որ անձերի շահերի համար, այլ ՀԱՅԱՍՏԱՆ պետությունը կառուցելու համար: Կցանկանայի, որ էլ ավելի ուշադիր կերպով ուսանողներն ուսումնասիրեին համաշխարհային, ինչպես նաև հայոց պատմությունը, որպեսզի հասկանային պետականաշինության բուն էությունը, հասկանային, որ ժամանակակից դարաշրջանում հեղափոխության դասական մոդելն իր տեղն է զիջել ավելի քաղաքակիրթ մեթոդներին, իսկ դասական հեղափոխության արդյունքում այսօր ամբողջովին և կրկնակի ստրկացան Եգիպտոսը, Լիբիան, Իրաքը, իսկ այժմ էլ Սիրիան... Հարգելի ուսանողներ, եկեք մեր երիտասարդական ավյունն ու ջիղն ուղղենք դեպի մեր պետության խնդիրների լուծումը, պահանջենք իշխանությունից իրական փոփոխություններ, կոնկրետ հարցերի լուծումներ, պահանջենք ընդդիմությունից, որպեսզի հետամուտ լինի մեր նպատակների իրագործմանը, որպեսզի ստիպի իշխանությանը շտկել թերությունները, որպեսզի ոչ թե իշխանություն պահանջի, ինչպես միշտ, այլ իշխանությանը սաստի... Ես չափից շատ եմ սիրում իմ հայրենիքը, որպեսզի լռեմ և անտարբերությամբ վերաբերվեմ արատավոր երևույթներին, ուստի կոչ եմ անում բոլոր հայ ուսանողներին արդարություն պահանջելու ճանապարհին այլ քաղաքական ուժերի անհատական պահանջները բավարարելու համար մղվող պայքարում գործիք չդառնալ, և մի բան էլ` երիտասարդը կհասնի մեծ հաջողության, եթե գործի ոչ թե ամբիցիաներով, այլ ուղեղով... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել