Երբ 1988-ի Շարժումը հասել էր բարձրակետին՝ մասնակիցներիս թվում էր, թե ինքնաբուխորեն այն կստեղծի ազգային պետականություն՝ իր արժեհամակարգով, և դրա համար ո՛չ հատուկ աշխարհայացք է պետք, ո՛չ ծրագիր: Այդպես չեղավ, Շարժման ստեղծած պետականությունը որդեգրեց վայրի ազատականություն և գետնաքարշ նյութապաշտություն, ինչով ավերակեց երկիրը, իսկ 1996-ին հաստատեց բռնապետություն, որը ցայսօր տիրակալում է երկիրը:

Երբ ծավալվեց 2008-ի Շարժումը՝ նախորդ Շարժման փորձը փորձը չյուրացրած նոր սերունդը կարծում էր, որ իր առաջնորդի «վերլուծական հանճարով» կգտնվեն ուղիներ, և մենք կստեղծենք զարգացող պետականություն: Այդպես չեղավ, առաջնորդը, առանց Զղջման ու նոր աշխարհայացքի, Շարժումը մտցրեց «երկխոսության» բավիղներ, և որտեղ Շարժումը մարեց: Շարունակվեց ժողովրդի հուսազրկումը և անծրագիր դեգերումը:

Հայ ժողովուրդը ուժ գտավ իր մեջ, ընդվզումով նորից ոտքի ելավ, հայտնեց իր կամքը և նախագահ ընտրեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ սկիզբ դնելով մի Նոր Շարժման: Արդ, այսօր արդեն, զինված կենսափորձով մեր նախորդ ընդվզումների, պետք է տեսնենք այս Շարժման ապագան, որպեսզի այն չմարի և մեզ հասցնի բաղձալի հանգրվանին:

Ո՞րն է հայ ժողովրդի, Հայության նպատակը: Ներկա Հայաստանի Հանրապետությունը դարձնել կենսունակ պետություն և գնալ մեր Բարձրավանդակի վրա Միացյալ Հայրենիք ստեղծելու ճանապարհով՝ վերականգնելով մեր երկրի բնիկ անվանումը՝ Հայք, Հայք Պետություն: Այժմ այս նպատակին հասնելու կարևոր հանգրվանը Հայաստանի բնակչության ընտրական կամքի իրականացումն է, Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահության դե յուրե հաստատումը: Սակայն սա միայն առաջին հանգրվանն է:

Ինչպիսի՞ն պիտի լինի ՀԱՅՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Եթե այս հարցի պատասխանը թողնենք ընտրված նախագահի շուրջը ձևավորվող քաղաքական շրջապատին, ապա լավագույն դեպքում կստեղծվի արևմտյան ժողովրդավարական արժեքները յուրացնող և ազգային շահերին հետամուտ պետականություն: Սա արդեն լավ է, բայց ՔԻՉ Է, ՃԱԿԱՏԱԳՐՈՐԵՆ ՔԻՉ Է: Այս դեպքում Հայքը կդառնա ներկա աշխարհակարգի աշակերտը և կդառնա նրա արժեհամակարգերի կրողը կյանքի բոլոր ասպարեզներում՝ կրթություն, բժշկություն, ապրելակերպ և այլն: Սա ոչ միայն ՔԻՉ Է, սա կտանի դեպի մեր բնիկ ժառանգության և մշակութային արժեհամակարգի քայքայում, մարդկության զարգացման մեջ վերջնապահի դերի ընդունում:

Ներկա աշխարհակարգը սպառված է: Նյութապաշտական աշխարհայացքը սպառված է: Ներկա արևմտյան ժողովրդավարությունը սպառված է: Ներկա ժողովրդավարական պետության մոդելը սպառված է: Ժողովրդավարության արժեքները միայն միջոց են, մեխանիզմ ու լծակ՝ ձգտելու և հասնելու ավելի բարձր նպատակների: Հայք Պետությունը պետք է կերտվի ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ մեջ գաղտնագրված՝ Բնության ու Արարչի Բարձրագույն Օրենքների հիմքի վրա, որի միջոցով կստեղծվի Նոր Կրթություն, Նոր Ապրելակերպ, Նոր Բժշկություն, և նոր կյանքի համակարգը սպասարկող Նոր Տնտեսություն, Արդարադատություն և այլն, և այդպիսով՝ Նոր Որակի Պետականություն: Այս դեպքում Հայք Պետությունը կդառնա Նոր Աշխարհակարգի ստեղծողնրից և վերածնվող մարդկության առաջատար ուժերից մեկը: 

Կոչ եմ անում՝ արդեն ԱՅՍՕՐ և ԱՅԺՄ սկսել Հայք Պետության ապագա առաջնորդության և կառավարչության միջուկի ստեղծումը: Կոչ եմ անում հայ բնիկ մշակույթի կրողներին ու պահապաններին, Բնության ու Արարչի Բարձրագույն Օրենքներին հասու մտավոր դասին, Հայության սիրտը զգացող անհատներին՝ խմբվել ադամանդե կարծրությամբ ու պարզությամբ, որպեսզի վճռական ժամին վերցնել Հայքի ու Հայության առաջնորդությունը:

Կեցցե՛ մեր ապագան – Հայք Պետությունը, Նոր Աշխարհակարգը կերտող առաջատար ուժը:
Կեցցե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությունը՝ որպես միջանկյալ փուլ մեր Նոր Կառավարչության:
Կեցցե՛ Ազգային Մշակույթի արժեհամակարգը՝ զորացած Նոր Մարդկության բարձրագույն արժեքներով, որոնք մեր նպատակն են ու միջոցը, մեր ապագան:

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

25 փետրվարի 2013 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել