Aravot.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները: «Եվրամիությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, ինչը շատ բարձր է գնահատվում ՀՀ կառավարության կողմից:

Այնուամենայնիվ, ոլորտում դեռ առկա են շատ խնդիրներ, որոնց լուծման համար մենք ակնկալում ենք ձեր օժանդակությունը», – ողջունելով հյուրերին նշել է նախարար Առաքելյանը: Պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր հերթին տեղեկացրել է, որ Եվրամիությունը նախատեսում է շարունակել աջակցությունը գյուղատնտեսության բնագավառում` միաժամանակ հավելելով, որ անհրաժեշտ է ճշգրտել այն ուղղությունները, որոնցում հայկական կողմն առավել նպատակահարմար է գտնում փոխգործակցել` ելնելով երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններից և գերակա խնդիրներից:

Ագրարային ոլորտի առաջնային խնդիրների թվում նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, առանձնացրել է գյուղատնտեսության վերավարկավորման, կոոպերացիայի զարգացման, սուբսիդավորման ծրագրերի, իսկ վերամշակող ճյուղում` մթերման գործընթացի բարելավման հարցերը: Նախարարը կարևորել է նաև անասնապահության ոլորտի զարգացումը, ինչը կնպաստի արտադրանքի ծավալների, ինչպես նաև ֆերմերների եկամուտների ավելացմանը:

Պատվիրակության անդամները վստահեցրել են, որ ներկայացված առաջարկները հանգամանորեն կուսումնասիրվեն և հնարավորության դեպքում կներառվեն հետագա համատեղ ծրագրերի մեջ: Անհրաժեշտության դեպքում հայկական կողմին կտրամադրվի նաև խորհրդատվական ծառայություն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել