Image result for мохсен пакайинԲաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը «Ղարաբաղ» օտարահունչ անվանումն Արցախի Հանրապետության նոր սահմանադրության մեջ բնիկ ձևով փոխարինելու կապակցությամբ իրանական ԶԼՄ-ներից մեկին տրված մեկնաբանության մեջ նշել է, թե իբր այս քայլով հայկական կողմը նպատակ է դնում «ժխտել տարածքի իսլամական ինքնությունը»:

Այն, որ նախկին դեսպանն այժմ ունեցած պարապ ժամանակի զգալի մասը պետք է հատկացնի պատմության ասպարեզում իր գիտելիքների հսկայական և ամոթալի բացը լրացնելուն, որևէ կասկած չի հարուցում:

Ուշագրավ է սակայն, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ակնհայտ ստահոդ դրույթները կրկնող իրանցի նախկին պաշտոնյան մոռացել է մի կարևոր հանգամանք՝ այն, որ հենց իր պաշտոնավարման ժամանակահատվածում Նարդարանում և Ադրբեջանի այլ բնակավայրերում շիա հավատացյալների իսլամական ինքնությունը ենթարկվել է ոչ միայն ծաղրի և քամահրանքի, այլև ակնհայտ ոտնահարման և բռնաճնշումների՝ ընդհուպ մինչև շիայական ինքնության համար այնպիսի կարևոր խորհրդանիշների աննախադեպ պղծման, ինչպիսիք Աշուրայի սգո դրոշներն են:

Այնպես որ իսլամական ինքնությունից խոսող այս նախկին դեսպանը, որին իրանցիները հեգնանքով կոչում էին ոչ թե Իրանի, այլ Ադրբեջանի դեսպան Բաքվում, կարող է իր հաջորդ մեկնաբանությունը նվիրել Բաքվի բռնապետի վարչակարգի «իսլամական ինքնությանը», եթե իհարկե այդպիսի ինքնություն կհաջողի գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել